Հրանտ Դինքին սպանել է կազմակերպված հանցավոր խումբը. Թուրքիայի Վճռաբեկ դատարան

Թուրքական Dünya Bülteni լրատվական կենտրոնի փոխանցմամբ՝ Թուրքիայի Վճռաբեկ դատարանի հանրապետական դատախազությունը ծանուցում է պատրաստել 2007 թվականի հունվարի 19-ին Ստամբուլի Շիշլի թաղամասում հայկական «Ակոս» թերթի նախկին խմբագրապետ Հրանտ Դինքի սպանության վերաբերյալ:

Դրանում անհամաձայնություն է հայտնվում Դինքի սպանության գործով 19 ամբաստանյալների վերաբերյալ Ստամբուլի՝ծանր հանցագործությունները քննած 14-րդ դատարանի կայացրած վճռի հանդեպ, որը վճռել էր, որ Դինքի սպանությունը չի իրականացրել կազմակերպված հանցավոր խումբը: Հետևաբար, Վճռաբեկ դատարանը կարծում է, որ Դինքի սպանության գործով անցած մեղադրյալներին պետք է դատապարտել որպես կազմակերպված հանցավոր խումբ:

Հիշեցնենք, որ 2007 թվականի հունվարի 19-ին Ստամբուլի Շիշլի թաղամասում ազգայնական Օգյուն Սամասթը, որը կրում էր սպիտակ գլխարկ, հրազենային 3 կրակոց էր արձակել Դինքի գլխին և բացականչել՝ գյավուր (անհավատ), ինչը հիմք տվեց ենթադրելու, որ սպանությունն իրականացվել է ազգային հողի վրա: Մարդասպանին պետք է հիշեցնել, որ Ղուրանի համաձայն՝ այն ժողովուրդը, որն ունի Սուրբ գիրք, չի կարող կոչվել գյավուր:

Ի դեպ, Դինքի սպանությունից հետո 2001 թվականից թուրքական Milliyet թերթում որպես լրագրող աշխատող Ջան Դյունդարը գրեց. «Ընկերս ինձ պատմեց, որ Դինքի հուղարկավորության ժամանակ, երբ հարյուր հազարավոր մասնակիցներ «Բոլորս հայ ենք» կարգախոսով ցույց էին արել, ցուցարարներին կցված ոստիկաններից մեկը, քիչ այն կողմ քաշվելով, կողքինի ականջին զարմացած ասել էր՝ որքա՛ն շատ է հայերի թիվը Թուրքիայում: Իսկ երբ նախորդ օրը Աֆյոնքարահիսարի՝ Աթաթուրքի անվան մարզադաշտում տրիբունաները միաձայն սկսեցին բղավել՝ «Մենք բոլորս Օգյուն Սամասթ ենք», իսկ ոմանք էլ նրա օրինակով սպիտակ գլխարկներ դրեցին, ակամայից մտածեցի, թե Թուրքիայում որքան շատ են մարդասպանները»:

2011 թվականի հուլիսի 25-ին Ստամբուլի 2-րդ անչափահասների ծանր հանցագործությունները քննող դատարանը «ծրագրված սպանություն իրականացնելու համար» (21 տարի և 6 ամիս) և «ապօրինի ճանապարհով զենք կրելու համար» (1 տարի և 4 ամիս և 600 թուրքական լիրա տուգանք) Սամասթին դատապարտել էր 22 տարի և 10 ամիս ազատազրկման։

2012 թվականի հունվարի 17-ին էլ Ստամբուլի՝ ծանր հանցագործությունները քննող 14-րդ դատարանը վճռեց, որ Դինքի սպանությունը «չի հանդիսացել» ահաբեկչական կազմակերպության գործողությունների արդյունք:

Դատարանը Դինքի սպանությունը ծրագրելու համար Յասին Հայալին դատապարտեց ցմահ ազատազրկման, իսկ Էրհան Թունջելին արդարացրեց: Սակայն Թունջելը մեղավոր ճանաչվեց Տրապիզոնում McDonald’s-ի ռեստորանի պայթեցման մեջ և դատապարտվեց 10 տարի և 6 ամիս ազատազրկման:

Տեսանյութեր

Լրահոս