Բաժիններ՝

Թուրքիայում կառուցվելիք TANAP գազատարի նախագծային արժեքն ավելացել է 3 միլիարդ դոլարով

Թուրքական Zaman թերթի փոխանցմամբ՝ «Անդրանատոլիական» գազատարի (TANAP) նախագծի վերջնական երթուղում կատարվել են մի շարք փոփոխություններ, որոնք հանգեցրել են, որ գազատարի նախագծային արժեքն աճի 3 միլիարդ դոլարով՝ կազմելով 10 միլիարդ դոլար:

Այս մասին հայտարարել է SOCAR Turkey Energy կազմակերպության ղեկավար Քենան Յավուզը: Վերջինս խոսքերով՝ TANAP գազատարի կառուցումը շատ կարևոր է Թուրքիայի համար՝ անկախ նրա նախագծային արժեքից, քանի որ այդ գազատարի շնորհիվ Թուրքիան կստանա ավելի մատչելի գներով գազ:

TANAP-ի նախագծային արժեքի ավելացման պատճառով 2008-2018 թվականներին Թուրքիայում ներդրվող ադրբեջանական ներդրումները 17 միլիարդ դոլարից կաճեն մինչև 19-20 միլիարդ դոլար:

Հիշեցնենք, որ TANAP գազատարն ունենալու է մոտ 2000 կիլոմետր երկարություն և ադրբեջանական գազը Թուրքիայի արևելյան սահմանից հասցնելու է մինչև արևմտյան սահման, որտեղից էլ այն կարող է եվրոապական երկրներ հասնել Nabucco West գազատարով:

Սկզբնական շրջանում TANAP գազատարի տարեկան թողունակությունը կազմելու է մինչև 16 միլիարդ խորանարդ մետր, որից 6 միլիարդ խորանարդ մետրը նախատեսված է լինելու Թուրքիայի, իսկ մնացյալ 10 միլիարդ խորանարդ մետրը՝ Եվրոպայի համար:

Գազատարի կառուցումը մեկնարկելու է 2014 թվականին՝ այս տարվա հոկտեմբերի կեսերին Ադրբեջանում կայանալիք նախագահական ընտրություններից հետո: Գազատարի բաժնետոմսերի 80 տոկոսը պատկանում է ադրբեջանական կողմին, իսկ 20 տոկոսը՝ թուրքական կողմին: Ակնկալվում է, որ ադրբեջանական գազը Եվրոպա կհասնի 2018 թվականին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս