Պետությո՞ւն, թե Լֆիկ՝ այս է խնդիրը. մամուլ
«Այն, ինչ կատարվում է Երևանի Մաշտոցի պողոտայում գտնվող «Փակ շուկայի» հետ, ցույց է տալիս, որ մենք, որպես այդպիսին, պետություն չունենք: Մի ամբողջ պետություն չի կարողանում զսպել մի օլիգարխի մտքի թռիչքները: «Փակ շուկան», ինչպես հայտնի է, հուշարձան շենք է, որ պահպանվում է պետության կողմից: Եվ ըստ գործող օրենսդրության, այդ շենքի հետ կատարվող ցանկացած փոփոխություն պետք է իրականացվի մանրակրկիտ կազմված, մասնագիտական և հասարակական լայն քննարկում անցած նախագծերի հիման վրա»,- գրում է «Հայկական Ժամանակ» օրաթերթը և շարունակում.
««Փակ շուկայի» սեփականատեր, Աժ պատգամավոր Սամվել Ալեքսանյանը արդեն մեկ տարի շենքը ձևում է իր ճաշակով, իսկ մի ամբողջ պետություն փորձում է արդեն կատարված փաստին համապատասխան նախագծեր կազմել:
Նախ, շենքի ներսում, առանց նախագծի, սկսեցին փորել ստորգետնյա ավտոկայան ու պահեստներ: Հետո շենքի տասը հսկայական կամարները գիշերով փլեցին: Ալեքսանյանը դեմքի շատ լուրջ արտահայտությամբ հայտարարեց, թե կամարները իրենք իրենց են փլվել, իսկ համապատասխան պաշտոնյաները նույնքան լուրջ դեմքերով ցույց տվեցին, որ հավատում են:
Հիմա, ինչպես երևում է լուսանկարից (թերթում պատկերված է «Փակ Շուկայում» ընթացող շինարարության լուսանկարը), շուկայի շենքի ուղիղ կեսի վրա արդեն կառուցվում է երկրորդ հարկը: Մեր թղթակիցը, դեռևս անցած տարվա վերջին, հարցում էր արել Երևանի քաղաքապետարան, թե կա՞ արդյոք հաստատված նախագիծ՝ Երևանի Փակ շուկայի վերգետնյա հատվածի համար: Լինելու դեպքում՝ խնդրել էր այն տրամադրել:
«Եթե հաստատված նախագիծ չկա, ապա ինչպե՞ս է բացատրվում այն հանգամանքը, որ շուկայի վերգետնյա հատվածում, արդեն իսկ բավականաչափ շինարարական աշխատանքներ են իրականացվել»,- նաև հետաքրքրվել էր քաղաքապետարանից: Այստեղից, սակայն, որևէ հարցի չպատասխանելով, հորդորել էին դիմել մշակույթի նախարարություն:
Նախօրեին ստացանք նախարարության պատասխանը: Սույնով հաստատվում է այն տեղեկությունը, որ «Փակ շուկայի» վերակառուցումը իրականացվում է առանց որևէ նախագծի: Ըստ այդ պատասխանի, 2012 թվականի դեկտեմբերի 20-ին Երևանի քաղաքապետարանն է դիմել նախարարությանը շուկայի վերակառուցման ճարտարապետահատակագծային առաջադրանքը համաձայնեցնելու նպատակով: Իսկ դեկտեմբերի 25-ին, նախագծային փաստաթղթերը հաստատելու նպատակով, նախարարությանը դիմել է արդեն կառուցապատողը:
Թե քաղաքապետարանը և թե կառուցապատողը դիմել են այն ժամանակ, երբ շինարարությունը արդեն վաղուց սկսված է եղել: «Հաշվի առնելով, որ վերգետնյա հատվածի նախագիծը դեռևս համաձայնեցված չէ, ՀՀ մշակույթի նախարարությունը բազմիցս արձագանքել է Ծածկած շուկայի 0.00 նիշից բարձր (վերգետնյա հատված, խմբ.) ապօրինի իրականացվող շինարարության խնդրին և, դադարեցման պահանջով դիմել կառուցապատողին, Երևանի քաղաքապետարան, ՀՀ քաղաքաշինության նախարարության քաղաքաշինական պետական տեսչություն և պետական այլ մարմիններ»,- նշված է պատասխանի մեջ:
Այսինքն, մշակույթի նախարարությունում քաջ գիտեն, որ շինարարությունն ապօրինի է, քաջ գիտեն նաև քաղաքապետարանում, քաղաքաշինության նախարարությունում, «պետական այլ մարմիններում», բայց չեն կարողանում, հասկանում եք, դրա դեմն առնել: Ոչ մի կերպ չեն կարողանում:
Դե, ասում ենք, էլի, պետություն, որպես այդպիսին, Հայաստանում չկա, և ամեն ինչ, այդ թվում նաև «Փակ շուկայի» կառուցապատումը, որոշում է մի առանձին վերցրած օլիգարխ: Իսկ սա նշանակում է, որ պետական պաշտոնյաները անողնաշար վախկոտներ են կամ էլ կաշառված են, կամ էլ երկուսը միասին՝ կաշառված անողնաշարներ:
Ի դեպ, 2012թ. նոյեմբերի վերջին Երևանի գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանը ասուլիսի ժամանակ փորձում էր մեզ համոզել, թե «Փակ շուկայի» միայն վերջին՝ այսպես կոչված «մսի պասաժն է» վերակառուցվելու: Իսկ այդ «մսի պասաժը» գտնվում է շուկայի ամենավերջում: Իրականում սակայն, արդեն իսկ կառուցապատված է շուկայի տարածքի կեսը (կրկին հղում է արվում լուսանկարին):
Հիմա մնում է գուշակություններ անել, թե որտե՞ղ է ավարտվում շուկայի կառուցապատման հարցում Լֆիկի ֆանտազիան: Գուցե մի օր առավոտյան նա որոշի շուկայի տեղում մի 20 հարկանի շուշաթղթած «էլիտա՞ր» կառուցել»: