Կեղծ թղթադրամներ՝ գառ ու ոչխարի դիմաց

ՀՀ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Մարտին Սարոյանի նախագահությամբ, դրամանենգության մեջ մեղադրվող Մկրտիչ Զիլֆիմյանին և Բագրատ Հարությունյանին դատապարտել է համապատասխանաբար 6,5 և 6 տարվա ազատազրկման: Դատարանն այսպիսով նրանց մեղավոր է ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 202-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով` մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ կեղծ փողեր կամ արժեթղթեր պատրաստելու պահելու կամ իրացնելու համար առաջադրված մեղադրանքում:

Դատարանը պարզել է, որ Բ. Հարությունյանը և Մ. Զիլֆիմյանը 12 հատ կեղծ 20 հազարանոց թղթադրամներով Շիրակի մարզի մի քանի գյուղերի բնակիչներից «գնել են» 4 գլուխ գառ և 2 գլուխ ոչխար՝ պատճառելով գյուղացիներին ընդհանուր առմամբ 240 հազար դրամի վնաս: Մ. Զիլֆիմյանը և Բ. Հարությունյանը գունավոր տպիչով պատճենահանել են նաև կեղծ 1 հատ ՀՀ 10.000 և 34 հատ 5.000 դրամանոց թղթադրամներ, որոնք «իրացրել են» տարբեր վաճառատներում՝ դրանց տերերին պատճառելով զգալի չափի նյութական վնաս:

Ամբաստանյալներ Մկրտիչ Զիլֆիմյանը և Բագրատ Հարությունյանը նախաքննության ընթացքում իրենց մեղավոր չեն ճանաչել, սակայն դատարանում իրենց մեղավոր են ճանաչել լիովին, ընդունել են մեղքը և զղջացել կատարածի համար: Մինչ դատաքննություն սկսելը նրանք միջնորդել են դատաքննությունն անցկացնել արագացված կարգով, դատարանը բավարարել է միջնորդությունը:

Պատիժ սահմանելիս դատարանը հաշվի է առել, որ Մկրտիչ Զիլֆիմյանը ֆիզիկապես վատառողջ է, երրորդ խմբի հաշմանդամ է, մեղքը ընդունել և զղջացել է կատարածի համար, և որ Բագրատ Հարությունյանը նախկինում դատված չի եղել, բնութագրվել է դրական, խնամքին ունի երկու մանկահասակ երեխաներ, մեղքը ընդունել և զղջացել է կատարածի համար: Չնայած տուժողներին պատճառված վնասը վերականգնված չէ, սակայն նրանք հրաժարվել են այդ գումարներից: Դատավճռով նրանց ի պահ հանձնված 4 գլուխ գառները և մեկ գլուխ ոչխարը թողնվել է տուժողների տնօրինությանը:

Դատավճիռը պատժաչափի մասով մինչև հունվարի 27-ը կարող է բողոքարկվել ՀՀ վերաքննիչ քրեական դատարան:

«Փաստինֆո»

Տեսանյութեր

Լրահոս