Ուսանողը նվագում է` մեջքով դեպի դաշնամուրը նստած (տեսանյութ)
Հյուսիսային Քինգսթոնում ապրող ամերիկացի ուսանող Էվան Փեթրոնը տառապում է Էլերս-Դանլոսի հիվանդությամբ, որը հայտնի է նաև՝ որպես «մաշկի գերէլաստիկության» համախտանիշ: Այդ հիվանդության սիմպտոմներից են հեշտությամբ ճկվող, թուլացած հոդերը և էլաստիկ, բայց արագ վնասվող մաշկը:
Էվանը լավ դաշնամուր է նվագում, ինչի շնորհիվ էլ հայտնի է դարձել վերջերս: Սակայն, ոչ թե այն պատճառով, որ վիրտուոզ երաժիշտ է դարձել, այլ որովհետև սովորել է նվագել… դաշնամուրին մեջքով նստած: Համացանցում տարածված իր տեսանյութն Էվանը մեկանաբանել է հետևյալ կերպ.
«Ես դաշնամուր եմ նվագում մեջքով նստած հակառակ ուղղությամբ: Գիտեմ, որ երբեմն շփոթվում եմ և սխալ ստեղներ եմ սեղմում: Սակայն այս տեսանյութը նկարահանվել է ոչ թե իմ երաժշտական տաղանդն արտահայտելու, այլ հնարքը ցույց տալու համար:
Այս դիրքով չեմ կարող սեղմել դաշնամուրի ոտքի սեղմակները, այդ պատճառով երաժշտությունն այնքան էլ լավ չի հնչում: Հավատացեք, դեմքով դեպի ստեղնաշարը նստելու դեպքում ես շատ ավելի լավ եմ նվագում: Դուք, իհարկե, կհարցնեք, ինչպե՞ս եմ ես դա անում: Ինձ մոտ առկա է Էլերս-Դանլոսի հիվանդությունը: Ես ունեմ շատ ճկուն մկաններ և գերշարժունակ հոդեր, որոնք ինձ հնարավորություն են տալիս շրջել ուսոսկրերս իրենց բնից և դաշնամուր նվագել հակառակ դիրքով նստած: Վայելեք»: