Տեղի է ունեցել ՀՀԿ նիստ
Այսօր երեկոյան ՀՀԿ գործադիր մարմինը գումարել է հերթական նիստը: Այն վարել է ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանը: Նիստին մասնակցել են գործադիր մարմնի անդամներ՝ ՀՀԿ նախարարներ և պատգամավորներ: ԳԱԼԱ-ի լրագրողի հետ զրույցում ՀՀԿ մամլո խոսնակ Էդուարդ Շարմազանովը նշել է, որ գործադիր մարմնի նիստում քննարկվել են հիմնականում փետրվարյան նախագահական ընտրությունների հետ կապված հարցեր: «Սովորական նախընտրական հարցեր ենք քննարկել: Քննարկվել են հիմնականում նախապատրաստական և կազմակերպչական հարցեր»,-ասել է ՀՀԿ մամլո խոսնակը:
Էդուարդ Շարմազանովը նշել է, որ նիստում անդրադարձ չի եղել ներքաղաքական զարգացումներին: Ինչ վերաբերում է կադրային փոփոխություններին, ապա ըստ ՀՀԿ մամլո խոսնակի՝ կադրային վերադասավորումների հարց գործադիր մարմնի նիստում չի քննարկվել: Նշենք, որ վերջին շրջանում դարձյալ հաճախակիացել են խոսակցություններն այն մասին, որ Սերժ Սարգսյանը պաշտոնանկ է անելու ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանին:
Իսկ ՀՀԿ խմբակցության քարտուղար Հովհաննես Սահակյանից ԳԱԼԱ-ի լրագրողը հետաքրքրվել է, թե համաձա՞յն է արդյոք այն հայտարարությունների հետ, թե Սերժ Սարգսյանին հաջողվեց «հաղթել» այս խաղում և որ ընտրությունների ելքը կանխորոշված է. «Իհարկե ոչ, որովհետև ընտրություններին, ընտրական պրոցեսին նման գնահատական չի կարելի տալ, ելքը և արդյունքները կանխորոշում է միայն մեր ժողովուրդը իր քվեների արդյունքում: Իսկ նմանատիպ խոսակցություններն ընդամենը շոուի ինչ-որ մի բաղադրիչ են, և միայն փետրվարի 18-ին մասնակցության առումով և փետրվարի 19-ին ելքի առումով մենք ականատեսը կլինենք, թե ինչ պատկեր կարող է լինել»:
Անդրադառնալով քաղաքական դաշտում կշիռ ունեցող քաղաքական ուժերի որոշումներին՝ չառաջադրել թեկնածու և չսատարել թեկնածուներից որևէ մեկին, ՀՀԿ խմբակցության քարտուղարը նշել է. «Եթե այդ քաղաքական ուժերը որոշել են չառաջադրվել, դա միգուցե իրենց որոշումն է, միգուցե այդ քաղաքական ուժերը նստել են, որոշել են, որ շանսեր չունեն, և որոշել են չփորձել և, այսպես ասած, այն սանդղակը, որը իրենք են սահմանել՝ դրանից ներքև չիջնել: Բայց մեղադրանքն այս առումով այնքան էլ ճիշտ չէ, որովհետև նախ իրենց համար օգտակար չէ»:
Այս առումով ՀՀԿ գործիչը օրինակ ունի: «Եթե արևադարձային կուլտուրա բերենք և փորձենք աճեցնել այստեղ կամ մի ավելի ցուրտ կլիմայական պայմաններում, պարզ է, որ չի աճելու»,- ասել է Հովհաննես Սահակյանը: