Իշխանության հետ երկխոսությունը իրավիճակով պայմանավորված անհրաժեշտություն էր. ՀԱԿ անդամ

«Որոշակի սխալներ տեղի ունեցան: Ես հիմա չեմ ցանկանում դա մանրամասնել, բայց որոշակի սխալներ ընթացքում եղել են: Մենք դա պետք է հաշվի առնենք և շարունակենք մեր գործունեությունը»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Կոնգրեսի անդամ, «Հայաստանի կանաչների կուսակցության» նախագահ Արմենակ Դովլաթյանն՝ անդրադառնալով Կոնգրեսի մարտավարության վերաբերյալ հնչող քննադատություններին:

Ի տարբերություն ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանի, ով Կոնգրեսի նախաձեռնած իշխանության հետ երկխոսությունը համարում է ՀԱԿ-ի սխալներից մեկը, Արմենակ Դովլաթյանը կարծում է, որ դա իրավիճակով պայմանավորված անհրաժեշտություն էր: Առհասարակ Կոնգրեսի մաս կազմող ուժերի և կուսակցությունների կողմից հնչեցված գնահատականները «Հայաստանի կանաչների կուսակցության» նախագահը նորմալ է համարում:

«Անգամ մի կուսակցության մեջ երբեմն տարբեր կարծիքներ են լինում, առավել ևս՝ որ Կոնգրեսը տարբեր կուսակցությունների դաշինք է, մոտեցումները տարբեր են, բայց, վերջիվերջո, շատ հարցերի շուրջ հասնում ենք միասնական որոշման»,- նշեց ՀԱԿ քաղխորհրդի անդամը:

Արմենակ Դովլաթյանը Կոնգրեսի ապագայի հարցում բավական լավատես է և կարծում է, որ անգամ անդամ կուսակցությունների դուրս գալը չի կարող դաշինքի ավարտի մասին վկայել:

Կարդացեք նաև

«Ցանկացած դեպքում Կոնգրեսը մնալու է, գործելու է, իր առջև դրված խնդիրները պետք է իրականացնի: Ի վերջո, մեր երկրում սահմանադրական կարգը պետք է վերականգնվի և գործեն օրենքները»,- նշեց նա՝ ավելացնելով, որ եթե Կոնգրեսում անգամ մեկ կուսակցություն մնա, որը կկարողանա այդ խնդիրը լուծել, կնշանակի՝ Կոնգրեսը կա:

Արմենակ Դովլաթյանի կարծիքով, նույնիսկ Լևոն Տեր-Պետրոսյանի հեռացումը չի կարող Կոնգրեսի գործունեության դադարեցման պատճառ լինել:  «Իսկ ինչ պարտադիր է, որ լինի կոնկրետ առաջնորդ: Կոնգրեսը կոնսեսուսով կաշխատի,  կարևորագույն հարցերը  հիմա էլ է այդպես  որոշում»,- նկատեց նա:

Ի դեպ, Արմենակ Դովլաթյանը ևս, ինչպես շատ այլ կոնգրեսականներ, համոզված է, որ ՀՀ նախագահի թեկնածու չառաջադրվելով, Լևոն Տեր-Պետրոսյանը բոլորովին էլ հրաժեշտ չի տալիս ակտիվ քաղաքականությանը: Հարցին, թե պատկերացնո՞ւմ եք, օրինակ, Լևոն Տեր-Պետրոսյանի մասնակցությամբ որևէ հանրահավաք այս տարի՝ Արմենակ Դովլաթյանը պատասխանեց. «Ինչո՞ւ ոչ»:

Տեսանյութեր

Լրահոս