50.000 դրամ՝ առաջին, իսկ 430.000 դրամ՝ երրորդ երեխայի համար
ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում հաստատել է ընտանեկան նպաստի և միանվագ դրամական օգնության վճարման համար նախատեսված ֆինանսական միջոցների չափերն ըստ սոցիալական ծառայություն տրամադրող տարածքային մարմինների` հաշվի առնելով ՀՀ 2013 թ. պետբյուջեի նախագծով ընտանեկան նպաստի և միանվագ օգնության համար հատկացված միջոցները։
Ընտանիքի անապահովության սահմանային միավոր է սահմանվել 30.00-ն, ընտանեկան նպաստի բազային մասը` 16 հազար դրամ։
Հաստատվել են 30.01-35.00, 35.01-39.00, 39.01 և ավելի անապահովության միավոր ունեցող ընտանիքների անդամներին տրվող հավելումները։
Երեխայի ծննդյան միանվագ նպաստի չափ է սահմանվել 50 հազար դրամը, իսկ ընտանիքում ծնված երրորդ, ինչպես նաև հաջորդ յուրաքանչյուր երեխայի համար` 430 հազար դրամը, մինչև երկու տարեկան երեխայի խնամքի նպաստի չափը` 18 հազար դրամը։ Զոհված Հայաստանի ազգային հերոսի ընտանիքի նպաստի չափ է սահմանվել 250 հազար դրամը, զոհված` առաջին աստիճանի Մարտական խաչ շքանշանով պարգևատրված անձի ընտանիքի նպաստի չափը` 150 հազար դրամը, զոհված` երկրորդ աստիճանի Մարտական խաչ շքանշանով պարգևատրված անձի ընտանիքի նպաստի չափը` 100 հազար դրամ։
Այս որոշման գործողությունը տարածվում է 2013 թ. հունվարի 1-ից հետո ծագած հարաբերությունների վրա։