Մեքենաս գնել եմ Դուբայից, օգոստոսին էլ ընտանիքիս հետ հանգստանում էի Բուլղարիայի «Զոլոտիյե պեսկի»-ում. Էպոսագետ
Ի պատասխան լրագրողների հարցին, թե արդյոք Ձեր ընտանիքի հետ Դուբայում չե՞ք հանգստացել, թանկարժեք մեքենա էլ չե՞ք գնել Ձեր կնոջ համար, ՀՀ նախագահի թեկնածու էպոսագետ Վարդան Սեդրակյանը պատասխանեց.
«Ի՞նչ է` Դուբայում միայն ԱԺ պատգամավորները կարո՞ղ են հանգստանալ: Իմ գործելակերպը օլիգարխին հատուկ չէ: Մեքենաս գնել եմ Դուբայից, օգոստոսին էլ ընտանիքիս հետ հանգստանում էի Բուլղարիայի «Զոլոտիյե պեսկի» հանգստավայարում: Հիմա ի՞նչ պետք է անպայման գալ մաշված, հին շորերով, հա՞: Ես կարող էի այս ամեն ինչը չասել»:
Ինչ վերաբերում է իր ֆինանսական միջոցներին, Վարդան Սեդրակյանը նշեց, թե անհեթեթ է համարում իր գումարների ծագման մասին տարածված այն լուրերը, թե իրեն ֆինանսավորում են Իրանի Իսլամական հանրապետության հատուկ ծառայությունները կամ էլ կրոնական կազմակերպությունները:
«Ինձ միայն մտորելու առիթ են տալիս այս խոսակցությունները, որ իբր ես կրոնական կազմակերպությունների կողմից եմ հովանավորվում: Ես հայ առաքելական եկեղեցու հետևորդ եմ, քառասուն օրական հասակում էլ մկրտվել եմ: Էջմիածինը համարումեմ իմ հոգևոր աշխարհի հենասյուներից: Ինչ վերաբերում է այն վարկածին, որ ինձ Իրանն է գումար տվել, դրանք անհեթեթություն են: Աշխարհում բազմաթիվ պետություններ կան, մինչև քարոզարշավն էլի պետություններից կհովանավորվեմ»,- նշեց Վ. Սեդրակյանը՝ հավելելով, որ իր ֆինանսների աղբյուրը Հայաստանի գործող իշխանությունն էլ չէ: