Բաժիններ՝

Հենրիխ Մխիթարյան. Իմ գործը մյուսների հետ համեմատվելը չէ (հարցազրույցն՝ ամբողջությամբ)

2012 թվականի ԱՊՀ լավագույն ֆուտբոլիստ հռչակվելուց հետո Հենրիխ Մխիթարյանը հարցազրույց է տվել Sport-Express-ին, որն ամբողջությամբ ներկայացնում ենք Ձեր ուշադրությանը։

Հենրիխ, շնորհավորում ենք Ձեզ մեր մրցույթում վստահ և միանգամայն վաստակած հաղթանակի կապակցությամբ։ Ինչպե՞ս եք վերաբերվում անհատական մրցանակներին։

-Չեմ թաքցնի, որ դրանք ստանալն, ինձ համար հաճելի է, սակայն միայնակ ոչինչ չես նվաճի։ Ամեն անհատական մրցանակ, ամեն դեպքում, թիմի վաստակն է։ Այդ պատճառով, Ձեր մրցանակի համար ես պետք է շնորհակալություն հայտնեմ խաղընկերներիս։

-Եթե խոսենք մեր մրցանակի մասին, ապա Դուք նույն շարքում եք Շևչենկոյի, Ակինֆեևի, Արշավինի հետ, իսկ եթե մի փոքր էլ խորանանք և նայենք մրցանակի գենետիկ արմատներին, ապա՝ Վորոնինի, Ստրելցովի, Բլոխինի հետ։ Դուք Ձեզ համարու՞մ եք այս մեծերի հետ հավասար անձնավորություն։

Կարդացեք նաև

-Ո՛չ, ի՞նչ եք ասում։ Ես ընդհանրապես ինձ աստղ չեմ համարում, և մեծերին հասնելու համար դեռ շատ հեռու եմ։ Նրանց մակարդակին հասնելու համար պետք է աշխատել և աշխատել։

-Բայց այս տարվա ընթացքում Դուք մեծ քայլ կատարեցիք դեպի աստղերը։ Ինքնագնահատականը դրանից մեծացե՞լ է։

-Կարծում եմ, որ ինքնդ քեզ գնահատելը սխալ է։ Իմ գործն այլ է՝ դուրս գալ խաղադաշտ և թիմին օգուտ բերել։ Երբ դա ստացվում է, լավ զգացողություններ ես ունենում, սակայն դրանք, ամենևին էլ, գլուխ գովելու առիթ չեն։

– Իսկ արդյունավետության ապշեցնող թռի՞չքը։ Հետաքրքիր է, ինպե՞ս եք Դուք դա բացատրում։

-Թերևս, դա արված աշխատանքի պտուղներն են։ Շատ եմ վերլուծել իմ գործողությունները, հատկապես՝ որոշիչ պահերին իմ սխալները, չէ՞ որ անցյալում էլ ես գոլային պահեր շատ ունեի։ Եվ գիտե՞ք, վերջին շրջանում ավելի խելամտորեն եմ մոտենում դրանց։

-Իսկ վստահության ձեռքբերման գաղտնիքներ կա՞ն։

-Միան մարզումների ժամանակ ճիշտ աշխատանքը։ Նաև՝ գործին պրոֆեսիոնալ մոտեցումը։ Իմ սեփական փորձով գիտեմ, որ բարձրակարգ ֆուտբոլում մանրուքներ չկան։ Ինչպես հանգստացար նախօրեին, ինչ կերար, ինչպես քնեցիր՝ այդ ամենն այս կամ այն կերպ ազդում են խաղի վրա։ Եվ ստացվում է փոխկապակցված շղթա՝ լավ պատրաստվեցիր – լավ խաղացիր – ավելացավ ինքնավստահությունը – ավելի շատ գոլերի հեղինակ դարձար – ցանկացար ավելի լավ նախապատրաստվել։

– Ժամանակին Դուք հիանում էիք Զիդանով։ Իսկ հիմա կա՞ մի խաղացող, ով օրինակ է Ձեզ համար։

-Դրանք շատ են՝ Մեսսի, Չավի, Ինյեստա, Ռոնալդու։ Նրանց նման, թերևս, բոլորն են ուզում խաղալ։

-Իսկ եթե խոսենք Ձեր դիրքի մասին… Ի դեպ՝ ինչպե՞ս կորակեք այն՝ հարձակվողական ոճի կիսապաշտպան, թե՞ երկրորդ հարձակվող։

-Ե՛վ այնպես, և՛ այնպես։ Սկսում եմ խաղն իմ գոտում, սակայն հետո ստիպված եմ լինում և՛ հետ նահանջել, և՛ առաջ գնալ։ Ամեն ինչ կախված է իրավիճակից։ Եթե համեմատենք իմ դիրքը համապատասխան դիրք զբաղեցնող ֆուտբոլիստների հետ, ապա դա, թերևս, Օզիլի և Ռունիի դիրքն է։

-Նրանց հետ համեմատվու՞մ եք։

-Դա անօգուտ գործ է, պետք է ոչ թե համեմատվես, այլ ինքդ խաղաս՝ անելով ամեն ինչ, որպեսզի լինես օպտիմալ մարզավիճակում։

– Սակայն հիմա «Շախտյորն» այնքան հավակնոտ է դարձել, որ եվրոպական առաջատարների հետ ստիպված ես լինում համեմատվել…

-Այո՛, մեր թիմի նպատակները մեծ են։ Սակայն վերացական վերլուծություններ անել պետք չէ․ առաջիկայում «Բորուսիայի» հետ կարևորագույն խաղեր են, դա նշանակում է, որ պետք է պատրաստվել դրան և մտածել այն ուղղությամբ, թե ինչպես կարելի է դիմակայել այդ մրցակցին, որպեսզի անպայման հաղթենք։

-Իսկ եթե խոսենք Ձեր անձնական ծրագրերի մասին՝ որքա՞ն հեռու են դրանք գնում։ Ո՞ր թիմում կցանկանայիք խաղալ։

-Մինչև 2015-ը ես պայմանագիր ունեմ «Շախտյորի» հետ, և ամեն ինչ կանեմ, որպեսզի օգնեմ թիմին։ Եվ մտածում եմ միայն դրա մասին։ Իսկ եթե ինչ-որ տրանսֆերային թեմա առաջանա, ապա որոշումը պետք է կայացնի ակումբի ղեկավարությունը։ Իսկ հիմա իմ սեփական նպատակը Չեմպիոնների լիգայում որքան հնարավոր է առաջ գնալն է և նոր հաղթանակները Հայաստանի հավաքականի հետ։

-Ուկրաինայի առաջնության մասին խոսելն ավելո՞րդ է։

-Ցավոք, Ուկրաինայի առաջնության մակարդակը ցածր է։ Չեմպիոնների լիգան անհամեմատ դժվար մրցաշար է։

-Նման տարբերությունը չի՞ խանգարում եվրոպական մրցասպարեզում։

-Կարծում եմ, որ եթե խաղայինք Անգլիայում կամ Իսպանիայում, մեր հաջողություններն ավելի մեծ կլինեին։

-Իսկ ԱՊՀ առաջնությունն, այդ առումով, կօգնի՞։

-Հետաքրքիր գաղափար է, սակայն քննարկել, թե որքան իրատեսական է դա, իմ գործը չէ։ Կան մարդիկ, ովքեր զբաղվում են այդ խնդրով, նրանք էլ կորոշեն՝ անցկացնել նման մրցաշար, թե ոչ։

Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս