Ընտրությունները կավարտվեն մեկ փուլով. սոցիոլոգ
168.am-ի հետ զրույցում սոցիոլոգ Գևորգ Պոսողսյանն ասաց, թե իր կանխատեսմամբ՝ փետրվարին կայանալիք նախագահական ընտրություններում ընտրողներն ակտիվություն են դրսևորելու:
Նրա խոսքով՝ ի տարբերություն խորհրդարանական ընտրություններին՝ նախագահական ընտրություններին հասարակությունն ավելի լուրջ է մոտենում, հետևաբար ավելի մեծ է լինում նաև մասնակցությունը: Ըստ Գևորգ Պողոսյանի՝ 2013-ի նախագահական ընտրությունների ժամանակ կմասնակցի քաղաքացիների 60-65 տոկոսը:
Մեր դիտարկմանը, թե մասնակցությունն ակտիվ կլինի նույնիսկ այն պարագայում, երբ չեն մասնակցում երեք խոշոր կուսակցություննե՞րը՝ ՀՅԴ-ն, ԲՀԿ-ն, ՀԱԿ-ը, սոցիոլոգը այսպես արձագանքեց. «Կուսակցությունների հարցը մեկ խնդիր է, բայց անձերինը՝ մեկ այլ: Այստեղ սկսում են կարևորվել անձերը: Բագրատյանը, Հայրիկյանը, Րաֆֆին քաղաքական կենսագրություն ունեցող գործիչներ են, որոնք գաղափարներով են գալիս և ոչ ռեսուրսներով»:
Սոցիոլոգի համոզմամբ, նախագահական ընտրությունները կավարտվեն մեկ փուլով՝ հօգուտ գործող նախագահի: Իսկ ինչ վերաբերում է երկրորդ պատվավոր տեղի հավակնորդին, ապա Գ. Պողոսյանը դրա պատասխանը չունի. նա նշեց, թե նման կանխատեսում կարող է անել միայն հարցումների արդյուքներն ունենալուց հետո:
Գևորգ Պողոսյանից հետաքրքրվեցինք նաև, թե երբ կհրապարակվեն իր կողմից անցկացված հարցումները: Սակայն նա նշեց, որ ինքը պատրաստվում է հարցումներ անցկացնել ԿԸՀ-ի կողմից թեկնածուների վերջնական ցանկի հատատումից հետո: