Կարատեիստ թեկնածուն չի մասնակցելու ընտրություններին
Նախագահական ընտրություններում առաջադրվելու ցանկություն հայտնած անձանցից մեկը՝ Հայաստանի մարտական կարատե կոբուդոյի ազգային ֆեդերացիայի նախագահ, անկուսակցական Տարոն Աբրահամյանը չի առաջադրի իր թեկնածությունը:
Այս մասին նա ասել է Galatv.am-ի հետ զրույցում՝ հավելելով, թե պատճառը ֆինանսական միջոցների սակավությունն է: Նա ասել է, որ թեև հավաքել է 14 մլն դրամ, որը բավարար է 8 մլն ընտրագրավը մուծելու համար, սակայն քիչ է ամբողջ քարոզարշավի համար:
«Ցավոք, մեր հավաքած գումարը չանցավ 14 միլիոն դրամից, և անհրաժեշտ 25 միլիոն դրամը ընտրագրավի և նախընտրական քարոզարշավի համար չի բավարարում: Այսօր ես որոշում եմ կայացրել չմասնակցել նախագահական ընտրություններին, քանի որ գումարն ամբողջությամբ չի բավարարում ամբողջ պայքարի համար»,- galatv.am-ին հայտնել է Տարոն Աբրահամյանը:
Նա նշել է, որ հաշվարկել են, որ ծախսերը շատ մեծ են, և իրենք ի վիճակի չեն այդքան գումար ձեռք բերել:
Հարցին՝ կա՞ թեկնածու, որին կցանկանար տեսնել որպես հաղթող, Աբրահամյանն ասել է. «Ես իրենց ծրագրերին ծանոթ չեմ, եթե նույն ծեծված հարցերն են իրենք դնելու, ես չեմ ուզի, որովհետև պետք է անիմաստ երգ երգեն և արդյունքի չհասնեն: Թող ծրագրեր հրապարակեն, ես նայեմ՝ իրո՞ք փոփոխություն կա, կամ այդ նպատակին հասնելու համար ի՞նչ միջոցներ են օգտագործելու: Մի քանի ընտրությունների ժամանակ ասել ու ոչ մի բան չեն արել, իսկ ասելը բոլորս էլ կարող ենք ասել, բայց իրական արդյունքը չի երևում ոչ դիմադիր ոչ ընդդիմադիր դաշտի կողմից»,- նշել է Աբրահամյանը:
Հաջորդ ընտրություններում նա չի բացառում, որ կառաջադրի իր թեկնածությունը: Սակայն, նրա խոսքով՝ ամեն ինչ կախված է նրանից՝ կմնա՞ ինքը Հայաստանում, թե՞ ոչ:
«Ամերիկայում ինձ նշանակել են Ռազմական կարատե ջիցու համաշխարհային համաամերիկյան կենտրոնի ղեկավար, կանչել են Ամերիկա, եթե քաղաքացիությունս չփոխեցի, կդնեմ»,- նշել է նա: