
Իգդիրում կառուցվող մզկիթի աշտարակները պետք է երևան Հայաստանից. թուրքական մամուլ

Թուրքական Doğan լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իգդիրում ավարտվել է կենտրոնական մզկիթի 82 մետրանոց աշտարակներից երրորդի կառուցումը: Այդ աշտարակներն այդքան բարձր են կառուցվում, որպեսզի դրանք տեսանելի լինեն հարևան Հայաստանից:
Այս մասին հայտարարել է նահանգի մուֆթի Ջյունեյթ Քուլազը: Վերջինիս խոսքերով՝ յուրաքանչյուր աշտարակի կառուցման վրա ծախսվել է 220.000 լիրա (մոտ 125.000 դոլար): Քուլազը հավելել է, որ չորրորդ աշտարակի կառուցումը կմեկնարկի ապրիլին:
Իգդիրի մզկիթի տարածքը կազմելու է 2000 քառակուսի մետր: Մզկիթի կառուցումը մեկնարկել է 2006 թվականին, ներկայումս 80 տոկոսով ավարտված է մզկիթի կառուցումը: Շահագործման հանձնվելուց հետո մզկիթում կարող է միաժամանակ նամազ կատարել 6000 մարդ: Մզկիթի կառուցումը գնահատվում է 3 միլիոն լիրա (մոտ 1.7 միլիոն դոլար):
Մզկիթն ունենալու է նաև փակ ավտոկայանատեղի, զոհ մատուցելու վայր, կոնֆերանսների դահլիճ, գրադարան, Ղուրանի դասընթացների սրահ: