88-ից մինչ օրս վառ արտահայտվածը Սերժ Սարգսյանն էր. ԲՀԿ-ական Վարդան Բոստանջյան
Րաֆֆի Հովհաննիսյանը ժողովրդավարության դրոշակն է մեր երկրում, ուզե՞նք դա, թե՞ ոչ: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ԲՀԿ-ական Վարդան Բոստանջյանը:
Շարունակելով գնահատել առաջադրված նախագահի թեկնածուներին, նա նկատեց.
«Էպոսագետն էլ հետաքրքիր երևույթ է: Էպոսի մեջ խտացված է մեր հայ իրականության ամբողջ իմաստությունը: Ողջունում եմ, որ կա մի մարդ, որը խորապես ուսումնասիրում է էպոսը (ծիծաղում է:- Տ.Մ.): Իսկ Սերժ Սարգսյանը մի մարդ է, որը մեր անկախության պայքարի առաջին օրվանից մինչ օրս գտնվել է իրարամերժ, հակասական երևույթների մեջ և բոլոր պարագաներում նա հաղթող է դուրս եկել: Հիմա կմտածեք, որ գովո՞ւմ եմ էդ մարդուն: Ըտենց մտածեք: Բայց 88-ից մինչ օրս վառ արտահայտվածը նա էր: Ես հակված եմ մտածելու, որ այո, անցած ժամանակահատվածում մեր հասարակությունը չնպաստեց, որ նա կարողանար ամենաարդյունավետ ձևերով ներկայանալ հասարակությանը»:
Դիտարկմանը, թե հասարակությունն ի՞նչ մեղավոր էր, որ, ասենք, գործող նախագահի եղբորորդին այսօր կրակոցներ է արձակում քաղաքի կենտրոնում, նա պատասխանեց. «Դուք բարձրացնում եք պետության հետ կապ չունեցող հարց: Ամեն ընտանիքում էլ կարող են լինել… մինչև անգամ մեր տանն էլ կարող է լինել»: