ԱՄՆ-ում ուսուցիչների համար կազմակերպվել են հրաձգության ուսուցման անվճար դասընթացներ
Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ամերիկյան Տեխաս և Օհայո նահանգներում սկսել են գործել հրաձգության ուսուցման անվճար դասընթացներ, որոնք նախատեսված են ուսուցիչների համար:
Դասընթացների կազմակերպիչների խոսքերով՝ այդ դասընթացների անցկացման նպատակն այնպիսի աղետների կանխումն է, ինչպիսին որ 2012 թվականի դեկտեմբերի 14-ին տեղի ունեցավ Քոնեքթիքութ նահանգում:Այդ ժամանակ 20-ամյա Ադամ Լենզը կրակ էր բացել Նյութաուն քաղաքի դպրոցում և սպանել էր 26 մարդու, այդ թվում նաև 20 երեխաների:
Օհայո նահանգի Հրաձգային ասոցիացիայի կազմակերպած եռաշաբաթ դասընթացներին մասնակցելու համար արդեն իսկ գրանցվել է ավելի քան 900 ուսուցիչ և դպրոցների այլ աշխատակիցներ: Ասոցիացիայի ներկայացուցիչներն ընդգծել են, որ այդ դասընթացն անցած անձինք կտիրապետեն օպերատիվ արձագանքման ծառայության աշխատակիցների կողմից կիրառվող բազում հմտությունների:
Տեխասում տվյալ դասընթացներին մասնակցելու համար ուսուցիչներին հատկացվել է 400 տեղ, ինչը, սակայն, քիչ է եղել և կազմակերպիչները ստիպված են եղել ընդլայնել ծրագիրը: Նշվում է, որ Տեխասն ու Օհայոն ամերիկյան առաջին նահանգները չեն, ուր բացվել են ուսուցիչների համար նախատեսված հրաձգության դասընթացներ: Քոնեքթիքութի աղետից մի քանի օր անց այդպիսի դասընթացներ անցկացվել են Յուտա նահանգում, որոնց մասնակցել է 200 ուսուցիչ: