Ես երբևէ չեմ լսել Նիկոլի դժգոհությունը որևէ հարցի շուրջ. Զոյա Թադևոսյան

«Ես երբևէ չեմ լսել Նիկոլի դժգոհությունը որևէ հարցի շուրջ: Հնարավոր է, որ մեկ այլ անձի հետ նա ունեցել է զրույց և հայտնել է դժգոհություն: Անձամբ ինձ հետ, իմ շրջապատում և այն միջավայրում, որտեղ ես եղել եմ, Նիկոլ Փաշինյանի դժգոհությունը չեմ լսել»,- 168.am-ին ասաց  ՀԱԿ-ի անդամ, «Ժողովրդի իշխանություն» նախաձեռնության նախագահ Զոյա Թադևոսյանը:

Հիշեցնենք, որ «Հայկական ժամանակ» օրաթերթում այսօր հրապարաված՝ «Քաղաքական տարին մեկնարկելիս» վերտառությամբ հոդվածում ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը մի շարք քննադատություններ է հնչեցրել Կոնգրեսի և նրա առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանի որդեգրած մարտավարության վերաբերյալ: Նիկոլ Փաշինյանը նաև գրել է, որ իր մտահոգությունների մասին ժամանակին տեղեկացրել է անհրաժեշտ ձևաչափով:

Զոյա Թադևոսյանը նշեց, որ Նիկոլ Փաշինյանը Կոնգրեսի քաղխորհրդի անդամ չէ, շտաբի անդամ է և հնարավոր է` շտաբում հայտնել է կարծիք, ինչի մասին ինքը տեղյակ չէ: Մեր հարցին, թե մասնավոր զրույցների ժամանակ և՞ս Նիկոլ Փաշինյանը չի հնչեցրել իր դժգոհությունները, տիկին Թադևոսյանը պատասխանեց. «Զրույցներ չեն եղել: Ընդհանրապես մենք շատ զբաղված ենք, և զրույցների մակարդակով չենք հանդիպել, անկեղծ եմ ասում, նույն հարցը կարող եք իրեն տալ»:

Ինչ վերաբերում է Նիկոլ Փաշինյանի հնչեցրած գնահատականներին, ապա Զոյա Թադևոսյանը չցանկացավ մեկնաբանել այն: ՀԱԿ անդամը նշեց, որ իր ընկերների ասածները չի մեկնաբանում`անկախ դրանց բովանդակությունից:

Կարդացեք նաև

«Իմ ընկերների ասածը չեմ մեկնաբանում, ես Նիկոլ Փաշինյանին չեմ մեկնաբանում: Ուղղակի չեմ ուզում մեկնաբանել` անկախ նրանից, թե ինչ է ասել, ես դա կոռեկտ չեմ համարում, երբ թիմակիցներն իրար մեկնաբանում են».- ասաց Զոյա Թադևոսյանը:

Տեսանյութեր

Լրահոս