Սերժ Սարգսյանը մոտ 70% ձայներով կվերընտրվի. Ա. Ադիբեկյան
Գործող նախագահ Սերժ Սարգսյանի օգտին պատրաստ են քվեարկել հարցվածների 20.5 տոկոսը, «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի օգտին` 5.5 տոկոսը, 0.5%-ը կքվեարկի ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանի օգտին, իսկ 1.5% ձայները կմնան հարցական: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Սոցիոմետր» սոցիոլոգիական կենտրոնի տնօրեն Ահարոն Ադիբեկյանը:
Վերջինս նշեց, որ փետրվարին կայանալիք նախագահական ընտրություններում ձայները վերաբաշխումը կլինի ամենակարևոր հարցը: Ըստ նրա՝ ԲՀԿ-ական ընտրազանգվածի միայն 10 տոկոսն է որոշել գնալ ընտրության, իսկ 1/3-ն, ըստ հարցման, որոշել է քվեարկել Սերժ Սարգսյանի օգտին: Հարցման արդյունքների համաձայն՝ ԲՀԿ 30% ընտրողների միայն 10%-ն է որոշել մասնակցել ընտրություններին: «Ծառուկյանի չառաջադրմամբ, նրա զանգվածի ձայները բավականին տարօինակ համամասնությամբ կբաշխվեն. 1/3-ը երևի կգնա Սերժ Սարգսյանին, 1/3-ը շատ հնարավոր է` գնա Րաֆֆի Հովհաննիսյանին, իսկ մյուս 1/3-ը կարող է գնալ Բագրատյանին կամ էլ մյուս թեթևքաշային խաղացողներին»,- ընդգծեց նա:
Ինչ վերաբերում է «Ազատություն» կուսակցության նախագահ Հրանտ Բագրատյանին, Ադիբեկյանը նշեց. «Այս հարցումներն արվել են այն պահին, երբ Բագրատյանը նոր էր հայտարարել իր առաջադրման վերաբերյալ, և դեռ բոլորը չէ, որ գիտեին, թե նա ևս հավակնում է նախագահի պաշտոնին»:
Ադիբեկյանի համոզմամբ, ընտրությունների երկրորդ փուլ չի լինի և Սերժ Սարգսյանը մոտ 70% ձայներով կվերընտրվի որպես ՀՀ նախագահ. «Սերժ Սարգսյանին լուրջ մրցակից չեմ տեսնում, որովհետև հենց ընդդիմությունն այնպես արեց, որ նա լուրջ մրցակից չունենա»:
Սոցիոլոգը հայտնեց նաև, որ հարցման համաձայն ընտրելու իրավունք ունեցողների 52%-ն է հետաքրքրվում քաղաքականությամբ, որոնց 28%-ն արդեն կողմնորոշվել է` ում պետք է ընտրի, իսկ 32%-ն ընդամենը հայտարարել է ընտրություններին մասնակցելու մասին: Մնացած 24%-ը, Ադիբեկյանի խոսքով, դեռ չի որոշել` ինչ պետք է անի: