Սիրիայի ուրանի պաշարները կարող են հայտնվել Իրանի ձեռքում. Financial Times
Բրիտանական Financial Times թերթի փոխանցմամբ՝ ԱՄՆ-ը, Իսրայելը և արևմտյան այլ երկրները գնալով ավելի շատ են մտահոգվում Սիրիայում առկա քիմիական զենքի պաշարների ճակատագրով: Սակայն դրան հավելվել է Դամասկոսի մոտ գտնվող ուրանի գաղտնի ապաստարանի հետագա ճակատագիրը:
Դամասկոսից ոչ հեռու ընկած Մարջ Ալ-Սուլթան օբյեկտում պահվում է մինչև 50 տոննա չհարստացված ուրան, որտեղ ոչ վաղ անցյալում դիտարկվել է անսովոր ակտիվություն՝ համաձայն արբանյակային լուսանկարների: Դա կարող է կապված լինել ուրանի պաշարների փոխադրման հետ:
Ենթադրվում է, որ ուրանը նախատեսված է եղել օգտագործել Դեյր Ազ-Զորում գտնված ռեակտորում որպես միջուկային վառելիք՝ պլուտոնիում արտադրելու համար: Օտար աղբյուրների համաձայն, իսրայելական օդուժն այդ միջուկային օբյեկտը ոչնչացրել է 2007 թվականի սեպտեմբերին (անգամ չի բացառվում, որ գաղտնիության ապահովման համար իսրայելական ինքնաթիռները Սիրիայի օդային տարածք են մուտք գործել Թուրքիայից – 168.am):
Փորձագետների գնահատմամբ՝ Սիրիայի ունեցած ուրանի քանակը բավարար է 5 միջուկային ռումբ արտադրելու համար: Բրիտանական թերթը, վկայակոչելով կառավարական չինովնիկներին, հայտնում է, որ նրանք անհանգստացած են, որ Սիրիային աջակցող և իր միջուկային ծրագրի համար ուրանի կարիք զգացող Իրանը փորձում է վերահսկողություն հաստատել Սիրիայի ուրանի պաշարների նկատմամբ: