Չհասկացա, մինչ այդ ժողովրդին դաս էին տալիս, թեման էլ թողեցին հաջորդի՞ն

«Մարդիկ ամպագոռգոռ համարեցին իմ այն հայտարարությունը, թե  ՀՀ նախագահը՝ Սերժ Սարգսյանը, մրցակից չունի, անկախ նրանից, թե որ քաղաքական ուժն ինչ ձևաչափով է հանդես գալու: Մրցակցությունը գնում էր նրա համար, թե ով է լինելու երկրորդ արդյունքը ապահովողը»,- ԳԱԼԱ-ի լրագրողի հետ զրույցում ասել է ՀՀԿ-ական Բորիս Ալեքսանովն՝ անդրադառնալով առաջիկա նախագահական ընտրություններին:

Ու քանի որ նախագահի թեկնածու էպոսագետ Վարդան Սեդրակյանն ավելի քան համոզված է, որ այս ընտրություններում հաղթանակն իրենն է լինելու, լրագրողը ՀՀԿ-ական գործչին հարցրել է, թե հնարավո՞ր է, որ Սերժ Սարգսյանի հիմնական մրցակիցն այս ընտրություններում լինի հենց էպոսագետ թեկնածուն:

«Ես ընդամենը ուրախ եմ, որ ինքը Բարաք Օբամայի հետ մրցակցություն չի ծավալում, նա, ըստ երևույթին, էպոսի տարբեր ճյուղերն ուսումնասիրելով՝ հաշվարկներ է արել, որ ինքը կկարողանա ինչ-որ փոքրիկ տոկոս ձայներ հավաքել, բայց գոնե իր ընտանիքի անդամները պիտի սաստեին, որ նման հայտարարություններ չի կարելի անել»,- նշել է Բորիս Ալեքսանովը:

Փետրվարյան ընտրություններում ընդդիմադիր քաղաքական ուժերի կայացրած որոշումներին անդրադառնալիս` նա նշել է, թե ընդդիմությունն այս անգամ էլ միասնականություն չկարողացավ ցուցաբերել այն պարզ պատճառով, քանի որ այդ ուժերը ոչ թե գաղափարական պայքարի էին ձգտում, այլ իշխանական աթոռի զավթման:

Կարդացեք նաև

«Եվ ի վերջո, մենք էդպես էլ չհասկացանք` ովքե՞ր են ընդդիմություն, ո՞րն է հիմնական ընդդիմադիր ուժը, և ե՞րբ իրենք հանդիպումներ էին կազմակերպում, քննարկումներ անցկացնում, ոչ թե նպատակն ընդհանուր հայտարարի գալն էր, այլ ուղղակի մեկը մյուսին էին ուսումնասիրում: Ուղղակի շատ էր ինձ զարմացնում իրենց այն հայտարարությունը, որ երբ հարցնում էին, թե դուք ի՞նչ ձևաչափով եք մասնակցելու ընտրություններին, պատասխանում էին` այդ մասին հաջորդ դասին: Չհասկացա, մինչ այդ ժողովրդին դաս էին տալիս, թեման էլ թողեցին հաջորդի՞ն»,- ասել է Բորիս Ալեքսանովը:

Տեսանյութեր

Լրահոս