Իշխանությունն ունի ընտրակաշառքը բացառելու հնարավորություն

«Քիչ թե շատ իրեն պատասխանատու համարող յուրաքանչյուր քաղաքական ուժի ցանկությունն է, որ ընտրակաշառքը բացառվի ընտրություններում, և հիմա իշխանությունն ունի այդ հնարավորությունը, բայց որքանո՞վ կկարողանա օգտագործել այդ հնարավորությունը՝ կախված է  իշխանությունից»,- 168.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ ՀՅԴ խմբակցության անդամ Արծվիկ Մինասյանը` անդրադառնալով առաջիկա նախագահական ընտրություններում հնարավոր ընտրակաշառքի կիրառման մասին խնդրին:

Վերջերս «Սոցիոմետր» սոցիոլոգիական հարցման կենտրոնի ղեկավար Ահարոն Ադիբեկյանը հայտարարել էր, որ ընտրակաշառքների թիվը կտրուկ կնվազի, քանի որ ԲՀԿ-ն` իբրև ֆինանսապես ուժեղ քաղաքական ուժ, չի մասնակցում ընտրություններին: Արծվիկ Մինասյանից հետաքրքրվեցինք՝ե արդյոք ընտրակաշառքի նվազումը  պայմանավորվա՞ծ է ԲՀԿ-ի գործոնով: «Ինձ թվում է` բոլոր հիմնական քաղաքական դերակատարների կողմից թեկնածուներ չառաջադրելն էականորեն նպաստել է այդ իրավիճակին»,- ասաց Արծվիկ Մինասյանը`հավելելով, որ եթե իշխանությունը չօգտվի այդ բացառիկ հնարավորությունից, մեղքը դարձյալ իրենն է:

Ահարոն Ադիբեկյանի տարեվերջին հրապարակած հարցումների համաձայն, գործող նախագահ Սերժ Սարգսյանը 72 տոկոսանոց հաղթանակ կարող է տանել առաջիկա ընտրություններում: Իրատեսակա՞ն է արդյոք Ադիբեկյանի վերոնշյալ կանխատեսումը՝ հարցին, ՀՅԴ ներկայացուցիչը պատասխանեց.

«Եթե մենք խոսում ենք իրական ընտրության մասին, ապա դրա գնահատումը չափազանց բարդ է,  առավել ևս՝ մեր տիպի երկրներում, երբ յուրաքանչյուր օր այնպիսի իրադարձություն  է կատարվում, որը կարող է էակարեն ազդել իրավիճակի վրա: Դրա համար ես խուսափում եմ մոտավոր թիվ հայտարարել»:

Կարդացեք նաև

Անահիտ Փիլոսյան

Տեսանյութեր

Լրահոս