
Ժերար Դեպարդիեն չի ներկայացել փարիզյան դատարան

BBC-ի ռուսական ծառայության փոխանցմամբ՝ ֆրանսիացի դերասան Ժերար Դեպարդիեն, ով մեղադրվում է անսթափ վիճակում մեքենա վարելու մեջ, տվյալ գործով չի ներկայացել փարիզյան դատարան: Նախորդ տարվա նոյեմբերի վերջին Դեպարդիեն ընկել էր ոչ մեծ ճանապարհա-տրանսպորտային պատահարի մեջ:
Դրանից հետո նրան ձերբակալել էր ոստիկանությունը: Դեպարդիեի արյան մեջ ալկոհոլի չափաբաժինը եռակի գերազանցել էր թույլատրված առավելագույն նորման: Դերասանն արդեն իսկ իրեն մեղավոր է ճանաչել տեղի ունեցածում: Նրան սպառնում է մի քանի հազար դոլարի խոշոր տուգանք կամ էլ մինչև երկու տարվա ազատազրկում:
Նշվում է, որ Դեպարդիեն երեկ Ցյուրիխում ներկա է գտնվել «Ոսկե գնդակ» ֆուտբոլային մրցանակի հանձման արարողակարգին: Դեպարդիեն Ցյուրիխ է ժամանել Ռուսաստանից, ուր նրան հատկացրել են ռուսական անձնագիր: