Բաժիններ՝

ԱՄՆ-ի տրամադրած Patriot համակարգերը բերվել են Թուրքիայի «Ինջիրլիք» ավիաբազա

Թուրքական Dünya Bülteni լրատվական կենտրոնի փոխանցմամբ՝ Թուրքիային ԱՄՆ-ի ուղարկած Patriot զենիթա-հրթիռային երկու համալիրները բերվել են Ադանայից ոչ հեռու ընկած «Ինջիրլիքի» ավիաբազա, ուր պահվում են նաև ԱՄՆ-ի ատոմային ռումբերը: Patriot համակարգերը «Ինջիրլիք» են հասցվել ԱՄՆ ռազմաօդային ուժերի C-17 տիպի երկու մեծածավալ ինքնաթիռով: Դրանք տեղակայվելու են Ադանայում:

Ակնկալվում է, որ երկշաբաթյա ճամփորդությունից հետո՝ հունվարի 22-ին, Ադանա կհասցվեն նաև Նիդերլանդների տրամադրած Patriot երկու համալիրները, որոնք արդեն իսկ ծովային ճանապարհով ուղարկվել են Թուրքիա: Դրանք հասցվելու են Իսքենդերունի նավահանգիստ, որտեղից էլ ուղարկվելու են Ադանա:

Դրանց հետ միասին Նիդերլանդները Թուրքիա է ուղարկել 260 հոգանոց անձնակազմ, որը սպասարկելու է տվյալ համակարգերը: Դրանք Թուրքիայում մնալու են մեկ տարի, և Նիդերլանդների վրա այդ առաքելությունն ընդհանուր առմամբ արժենալու է 42 միլիոն եվրո:

Հիշեցնենք, որ սրանից առաջ էլ Գերմանիայի տրամադրած Patriot երկու համալիրները բերվել էին Քահրամանմարաշ (Մարաշ) և տեղակայվել Սիրիայի սահմանից 100 կիլոմետր հեռավորության վրա:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս