Նախընտրական կարգախոս ունի, բայց դեռ չի հայտնում
Նախագահի թեկնածու, անկուսակցական Նարինե Մկրտչյանը նախընտրական քարոզչության ընթացքում հանրահավաքներ նախատեսում է միայն Երևանում:
«Մարզեր չեմ գնալու: Նախ Երևանը` մայրաքաղաքը, հասարակական արժեքներ է տալիս երկրում, մարզերը, գյուղերը երկիրն են պահում, հողը: Այս պահին Երևանից պետք է լիցքեր գնան: Մարզեր կգնամ ընտրվելուց հետո` իմ կատարված աշխատանքը տեսնելու»,- 168.am-ին ասաց Նարինե Մկրտչյանը:
Նախագահի թեկնածուն շեշտեց, թե բնավ չի նշանակում, որ մարզերն իր ուշադրությունից դուրս են գտնվում, պարզապես, ըստ նրա՝ այս պահին նման քայլ չկա իր մարտավարության մեջ:
Նարինե Մկրչտրյանը նշեց, որ նախընտրական շտաբ անպայման ունենալու է: Թե ո՞վ է գլխավորելու այն, ի՞նչ կազմ է ունենալու քաղաքական իր թիմը, Նարինե Մկրտչյանը խոստացավ հրապարակել ԿԸՀ-ում գրանցվելուց հետո:
«Մոբիլ աշխատող, քաղաքական թիմ ունենք` փորձառու, տարբեր ընտրություններով անցած: Ինքնանվիրումով աշխատող մարդիկ են»,- ասաց նախագահի թեկնածուն:
Ի դեպ, Նարինե Մկրտչյանն ասաց, որ իր համար նախընտրական կարգախոս արդեն որոշել է, սակայն դեռևդ չի ցանկանում այն հրապարակել:
Խոսելով առաջադրված թեկնածուների մասին` Նարինե Մկրտչյանը նշեց, որ մինչ այս հանրությանը ոչ հայտնի թեկնածուների ի հայտ գալն առանձնահատուկ երևույթ չի համարում:
«Ես դա համարում եմ օրինաչափ հասարակական-քաղաքական գործընթացի հետևանք, առաջին հերթին այն առումով, որ, ըստ էության, քաղաքական կուսակցությունները հիմնական դուրս են մնացել: Օրինաչափ է, որ ժամանակն առաջ բերի նոր ձգտումներ, թե դրանք որքանով են լուրջ, կայուն, դեռ ժամանակը ցույց կտա»,- նշեց Նարինե Մկրտչյանը: