Ոչ միայն ԲՀԿ-ն, այլև շատ ընդդիմադիրներ աշխատելու են Սերժ Սարգսյանի օգտին
Հանրապետական կուսակցության ներկայացուցիչներն առայժմ չեն կարող հստակ ասել, թե նախագահական ընտրությունները կանցնեն մե՞կ փուլով, թե՞ այնուամենայնիվ կլինի երկրորդ փուլ:
ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը ԳԱԼԱ-ի լրագրողի հետ զրույցում ասել է. «Այս պահին չենք կարող ասել, այդ հարցի պատասխանը հայտնի կդառնա միայն, երբ նախընտրական քարոզարշավը մեկնարկի և հանդիպումներ լինեն ընտրողների հետ: Մենք պետք է տեսնենք ընտրողների տրամադրվածությունը»:
ՀՀԿ խմբակցության ղեկավարը վստահ է, որ փետրվարյան նախագահական ընտրություններում գործող նախագահի օգտին կաշխատեն և նրան կսատարեն ոչ միայն ԲՀԿ-ական առանձին ներկայացուցիչներ, այլ նաև ընդդիմադիր թևի անդամներ:
«Ոչ միայն ԲՀԿ-ականներ, այլ նաև ես արդեն կռահում եմ, որ ընդդիմադիր դաշտից էլ կան մարդիկ, ովքեր դրական են տրամադրված գործող նախագահի նկատմամբ»,- նշել է Գալուստ Սահակյանը: Հարցին, թե որտեղի՞ց նման համոզմունք, ՀՀԿ խմբակցության ղեկավարը պատասխանել է.
«Որովհետև անընդհատ ինֆորմացվում ենք, մենք այս պահին կարող ենք ասել, որ Սերժ Սարգսյանը բավականին բարձր վարկանիշ ունի»:
Գալուստ Սահակյանը նշել է, որ չնայած չի հիշում, թե քանի թեկնածու է առաջադրվել, սակայն բոլոր առաջադրվածներին էլ այս պահին համարում է լուրջ մրցակիցներ:
ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը, անդրադառնալով Գալուստ Սահակյանի վերոնշյալ հայտարարություններին, թե ԲՀԿ-ական որոշ գործիչները, այնուամենայնիվ, սատարելու են Սերժ Սարգսյանի թեկնածությունը, ԳԱԼԱ-ի լրագրողի հետ զրույցում ասել է. «Ես չգիտեմ, թե ով ինչ է վստահեցնում, և ինչ հիմքով են նման հայտարարություններ անում, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը նախագահական ընտրությունների վերաբերյալ իր մոտեցումն արտահայտել է` ԲՀԿ-ն նախագահական ընտրություններում չի առաջադրել թեկնածու և չի սատարելու առաջադրված որևէ թեկնածուի»: