Նաիրա Զոհրաբյանը` Երևանի քաղաքապե՞տ

ԲՀԿ-ն չի մասնակցում նախագահական ընտրություններին: Փոխարենը՝ այս կուսակցությունում արդեն որոշել են պատրաստվել Երևանի ավագանու առաջիկա  ընտրություններին: ԲՀԿ-ին այսօր, առավել քան երբևէ, պետք է մի նպատակ, որը կհամախմբի թիմը, իսկ այդպիսի նպատակ կարող է լինել միայն Երևանի ավագանու ընտրությունները, որոնց արդյունքում էլ որոշվելու է Երևանի քաղաքապետը: Հրաժարվելով պայքարել հանրապետության նախագահի պաշտոնի համար, ԲՀԿ-ն հայտ կներկայացնի պայքարելու Երևանի քաղաքապետի պաշտոնի համար: Դա, իհարկե, ավելի անվտանգ նպատակ է, բայց ոչ պակաս անիրականանալի:

ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը որոշեց չմասնակցել նախագահական ընտրություններին, և այդ որոշումը վերաբերում է նաև ԲՀԿ-ին, որը որևէ թեկնածուի չի պաշտպանելու: ԲՀԿ-ականները կցանկանային, որ իրենք պաշտպանեին գործող նախագահ Սերժ Սարգսյանի թեկնածությունը, բայց դրա անհրաժեշտությունն առանձնապես չկա, քանի որ Սարգսյանը փորձելու է խուսափել հնարավոր աջակցողներից: Այնպես որ, ԲՀԿ-ականներն այս ընտրություններում կմատնվեն հարկադիր պարապուրդի: Գործազրկությունն ընտրություններում կարող է հանգեցնել գործազրկության նաև ընտրություններից հետո: Երբ որևէ հիմնարկություն պատվեր չի ստանում և մատնվում է անգործության, դրա աշխատողների մի մասը որոշում է սպասել՝ մինչև հիմնարկը նոր պատվեր կստանա, մյուսները տեղափոխվում են այլ հիմնարկներ`այնպիսիք, որոնք ապահովված են պատվերով:

ԲՀԿ-ն այդպիսի հիմնարկի օրինակ է, և, որպեսզի հիմնարկի կոլեկտիվը չցրվի, հիմնարկի ղեկավարությանը պետք է, որ աշխատողներն իմանան` հիմնարկն անգործ չի մնա և առաջիկայում նոր պատվեր է ստանալու: Երևանի ավագանու ընտրությունները նոր պատվերի նման մի բան է. ԲՀԿ առաջնորդը փորձելու է իր թիմին համոզել, որ, եթե իրենք չեն մասնակցում նախագահական ընտրություններին, և ինքը չի հավակնում դառնալ նախագահ, դա դեռ չի նշանակում, թե ամեն ինչ կորած է. իրենք պայքարելու են Երևանի քաղաքապետի պաշտոնի համար: Թե որքանով դա կարող է մոբիլիզացնել ԲՀԿ-ն, հայտնի չէ, քանի որ ԲՀԿ-ում հասկանում են, որ Հայաստանում ամեն ինչ որոշվում է նախագահական ընտրություններում, այդ թվում նաև՝ քաղաքապետին որոշելու իրավասությունը, և, եթե իրենց թույլ չեն տալիս մասնակցել նախագահական ընտրություններին, իրենք ինքնաբերաբար զրկվում են քաղաքապետի անձը որոշելու իրավասությունից:

Բայց ԲՀԿ-ն, այնուամենայնիվ, կմասնակցի Երևանի ավագանու ընտրություններին, քանի որ չմասնակցելն ավելի զավեշտալի կլինի: Դա կարող է լինել միայն այն դեպքում, եթե կուսակցությունը լուծարվի, ինչը մինչև մայիս ամիս դժվար թե տեղի ունենա:

Իսկ ո՞վ կգլխավորի ԲՀԿ համամասնական ցուցակը Երևանի ավագանու ընտրություններում: Ինչպես հայտնի է, 2009թ. ավագանու ընտրություններում ԲՀԿ համամասնական ցուցակը գլխավորում էր այն ժամանակվա առողջապահության նախարար Հարություն Քուշկյանը: 2009-ի ընտրություններում ԲՀԿ-ն գրավեց երկրորդ տեղը, բայց ՀՀԿ-ն ուներ որակյալ մեծամասնություն և առանց ԲՀԿ-ի աջակցության՝ ընտրեց Երևանի քաղաքապետ: Քուշկյանը հրաժարվեց ավագանու անդամի պարտականությունից, և շարունակեց պաշտոնավարել առողջապահության նախարարի պաշտոնում՝ մինչև 2012թ. խորհրդարանական ընտրությունները: Հիմա նա դժվար թե համաձայնվի երկրորդ անգամ գլխավորել ցուցակը, քանի որ հասկանում է դրա անիմաստությունը: Հիմա նա առողջապահության նախարար չէ, որպեսզի հանուն դրա հրաժարվի Երևանի ավագանու անդամի պարտականությունից, իսկ ավագանու շարքային անդամ լինել նա ուղղակի չի համաձայնվի:

Այս անգամ ցուցակը գլխավորելու երկու հավակնորդների անուններ են նշվում. առաջինն ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանն է: Նա ԲՀԿ-ում ամենահրապարակային գործիչն է, և այդ իմաստով ցուցակը գլխավորելու և ընտրություններում ԲՀԿ-ն ներկայացնելու գլխավոր հավակնորդը կարող է լինել: Որպես հնարավոր թեկնածու՝ նշվում է նաև Գուրգեն Արսենյանի անունը: Արսենյանը ևս հրապարակային գործիչ է, բայց նա ԲՀԿ-անդամ չէ, այլ Միավորված աշխատանքային կուսակցության` ՄԱԿ նախագահը, և անտրամաբանական կլինի, որ մի կուսակցության նախագահը ղեկավարի այլ կուսակցության նախընտրական ցուցակը: Չնայած, մեծ հաշվով, ոչ մի նշանակություն չունի, թե ով կգլխավորի ցուցակը: Ինչպես նշեցինք, ԲՀԿ-ն այս անգամ նույնիսկ 2009թ. ընտրություններում ստացած արդյունքը չի կարող կրկնել: Եվ ով էլ գլխավորի ցուցակը, միևնույն է, հրաժարվելու է ավագանու անդամ լինել ու ընտրություններից հետո վերադառնալու է իր նախկին զբաղմունքին:

Տեսանյութեր

Լրահոս