Բագրատյանը և Փաշինյանը չեն շնորհավորել Տեր-Պետրոսյանի Ամանորը
168.am-ի տեղեկություններով, ԱԺ ՀԱԿ խմբակցությունից Լևոն Տեր-Պետրոսյանի առանձնատուն` Ամանորը շնորհավորելու, չեն այցելել Ստեփան Դեմիրճյանը` առողջական խնդիրների, Նիկոլ Փաշինյանը և Հրանտ Բագրատյանը՝ քաղաքական պատճառներով: Չնայած Հրանտ Բագրատյանն «Ազատություն» կուսակցության համագումարում հույս հայտնեց, որ իր առաջադրումը չի ազդի իր և Լևոն Տեր-Պետրոսյանի հարաբերությունների վրա, փաստն այն է, որ դրանք ոչ միայն վատացել են, այլ արդեն գործնականում բացակայում են: ՀԱԿ-ում Բագրատյանին համարում են թշնամի, և նրա հետ շփումներն ընդհանրապես դադարեցրել են: Դա, ըստ ամենայնի, պայմանավորված է Տեր-Պետրոսյանի մոտեցմամբ, ով չի հանդուրժում Բագրատյանի ինքնուրույն պահվածքը: Լևոն Տեր-Պետրոսյանը համարում է, որ իրենից բացի՝ որևէ մեկը ՀԱԿ-ից իրավունք չուներ առաջադրվել նախագահի թեկնածու, մինչդեռ, ինչպես հայտնի է, Հրանտ Բագրատյանն ինքնուրույն որոշում կայացրեց և առաջադրվեց: Բավական հետաքրքիր է նաև Նիկոլ Փաշինյանի պահվածքը: Վերջինս, ըստ ՀԱԿ-ում քննարկվող լուրերի, սկզբում մտադիր է եղել պաշտպանել Հրանտ Բագրատյանին, սակայն տեսնելով, որ այդ դեպքում կարող է հայտնվել սև ցուցակում, հայտարարել է, որ Տեր-Պետրոսյանի առաջադրմանն այլընտրանք չկա: Չհայտարարելով Բագրատյանին պաշտպանելու մասին, Փաշինյանը չի տարանջատվում ՀԱԿ-ից և գոնե ֆորմալ առումով՝ շարունակում է մնալ այդ կառույցում: ՀԱԿ-ում կա մի թև, որը համարում է, որ ՀԱԿ-ը Տեր-Պետրոսյանի սեփականությունը չէ, և այնտեղ կարելի է հեղաշրջում անել և նոր առաջնորդ ընտրել: Հնարավոր է, որ Փաշինյանը հենց իրեն է տեսնում այդ նոր առաջնորդի դերում: