Կարապետ Ռուբինյանն առայժմ չի տեսնում ռեժիմին հեռացնող թեկնածու

ԱԺ նախկին փոխխոսնակ Կարապետ Ռուբինյանը կարծում է, որ ՀՀ նախագահի` հանրությանը ոչ հայտնի թեկնածուների ի հայտ գալը,  մեր երկրի քաղաքական զարգացման այս փուլում շատ նորմալ և սպասելի է: Թե թեկնածուներից ով՝ ինչ մասնագիտություն ունի, Կարապետ Ռուբինյանի համոզմամբ, նշանակություն չունի:

«Հիմնական խնդիրն այն է, որ մեր երկրում ստեղծված չեն պայմաններ, որպեսզի գործի Սահմանադրությունը, ըստ որի՝ ՀՀ քաղաքացիներն են ընտրում երկրի իշխանություններին: Չկան այդպիսի պայմաններ, ուրեմն՝ խոսել իրական ընտրությունների մասին, իմաստ չունի»,- 168.am-ին ասաց ԱԺ նախկին փոխխոսնակը:

Հարցին, թե ինչո՞ւ են քաղաքականության հետ առնչություն չունեցող անձինք հատկապես առաջադրումների վերջին օրերին որոշել փաստաթղթեր ներկայացնել ԿԸՀ` Կարապետ Ռուբինյանը պատասխանեց, թե հնարավոր է, որ նրանք ունեն «սեփական փոքրիկ հաշվարկներ` մի քիչ ավելի հայտնի դառնալ, մի քանի տեղ գլուխ գովել»:

«Կոնկրետ այս նախագահական ընտրությունների մասին կարելի է լուրջ խոսել միայն մի կոնտեքստում. արդյոք թեկնածուների մեջ կա՞ն մարդիկ, ովքեր այդ բոլորը հասկանալով, խնդիր են դրել լայն ժողովրդական շարժման միջոցով պարտադրել ռեժիմին հեռանալ և նորմալ ընտրություններ կազմակերպել: Առայժմ այդպիսի հայտ ես ոչ մեկից չեմ տեսնում, սպասելիքներ դեռ ունեմ, տեսնենք»,- ասաց Կարապետ Ռուբինյանը:

Կարդացեք նաև

Կարապետ Ռուբինյանից նաև հետաքրքրվեցինք՝ հնարավո՞ր է նա սատարի «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանին, հատկապես հաշվի առնելով այն հանգամանքը, որ 2012թ. խորհրդարանական ընտրությունների ժամանակ նա ընդգրկված է եղել «Ժառանգության» համամասնական ցուցակում: Ի պատասխան, Կարապետ Ռուբինյանն ասաց.

«Դրական եմ վերաբերվում Րաֆֆի Հովհաննիսյանի թեկնածությանը, հաջողություն եմ մաղթում իրեն, բայց դեռ իր կողմից էլ հայտ չեմ տեսել, որպեսզի գլխավորի լայն ժողովրդական շարժում` հանուն օրինականության, հանուն ռեժիմի վերացման: Եթե լինի էդպիսի բան, տասնապատիկ ուրախ կլինեմ և, իհարկե, կողքին կկանգնեմ»:

Տեսանյութեր

Լրահոս