Դասակի հրամանատարին ծեծելուց հետո Ենոքենց Հենդոն առանց խոչընդոտի թռել է Դուբայ
Ոստիկանության Արտաշատի բաժնում նյութեր են նախապատրաստվել անցյալ տարվա դեկտեմբերի 30-ին Արտաշատ քաղաքում տեղի ունեցած ծեծկռտուքի փաստով: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այդ օրը ժամը 15:00-ի սահմաններում Արտաշատ քաղաքի Գայի փողոցում ավտոպահեստամասերի խանութի (հայտնի է նաև «Խորոյի գուտապ» անունով) մոտ միջադեպ է տեղի ունենում Արարատի մարզի Շահումյան գյուղի բնակիչ, երկու երեխայի հայր, 35-ամյա Գևորգ Գրիգորյանի և Հենդո Ենոքյանի միջև: Վերջինս Արտաշատում հայտնի է որպես Ենոքենց Ռաֆոյի տղա:
Արտաշատցիները ֆոտոլրագրողի հետ զրույցում պատմել են, որ այդ օրը Հենդոն փողոցում հանդիպում է Գևորգին, ով «Վրանգլեր» մակնիշի ավտոմեքենայի ղեկին է, իսկ Հենդոն՝ «Լեքսուսով»: Հենդոն հանդիմանում է Գևորգին, թե «խի՞ ես կաչկեդ բերել, կանգնացրել էստեղ», և անպատիվ արտահայտություններ է անում Գևորգի հասցեին: Աղմուկի վրա հավաքվում են երկու կողմի ընտանիքի անդամները, քանի որ երկուսն էլ հարևաններ են ու հարցը համարելով լուծված բաժանվում են:
Որոշ ժամանակ անց Հենդոն իր թվով 15 բարեկամ, ընկերների հետ գալիս են Գևորգենց տուն, որտեղ հանդիպում են նրան ու նրա հորը և համոզում, թե «100 տարվա հարևաններ ենք, ընկերներ ենք, մեր մեջ ըտենց բան պիտի չլիներ, բարիշենք, գնա. պետք ա Գևորգին էլ կիջացնենք տուն»:
Գևորգը ոչինչ չկասկածելով՝ նրանց մեքենայով շարժվել է Արտաշատի ուղղությամբ: Հասնելով Ֆարֆարի գործարանի հարակից տարածք, Գևորգին դուրս են բերում ավտոմեքենայից և հենց դաշտի մեջ ծեծի ենթարկում: Ընթացքում էլ գողանում նրա հեռախոսը, 350.000 դրամն ու, թողնելով անօգնական, հեռանում են:
Գևորգն իր մոտ եղած երկրորդ հեռախոսով կարողանում է տեղեկացնել հարազատներին տեղի ունեցածի մասին, ինչից հետո նրան տեղափոխում են Արտաշատի հիվանդանոց, որտեղից էլ՝ Երևանի զինվորական հոսպիտալ, քանի որ Գ. Գրիգորյանն աշխատում է ՀՀ ՊՆ Չոբանքարայի զորամասում դասակի հրամանատար կապիտանի կոչումով: Արտաշատցիները պատմում էին, որ Հենդոն նախկինում էլ մի քանի անգամ աչքի է ընկել իր խուլիգանությամբ՝ ծեծի է ենթարկել անգամ ոստիկանի: Այս արարքի համար նա մեղմ պատիժ է ստացել ՀՀ նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանի միջամտության արդյունքում:
Արտաշատցիները նաև ասում էին, թե ոստիկանությունը մինչև այսօր դատաբժշկի ուղեգիր չի տվել: «Եթե ՊՆ աֆիցերին չեն տալիս ու աֆիցերն է անպաշտպան, մեր մասին ի՞նչ ասենք»,- դժգոհել են տեղացիները:
Ու ոստիկանների քթի տակից էլ Ենոքյան Հենդոն թռել է Դուբայ:
shamshyan.com