Բաժիններ՝

Ռոնալդուի դուբլը հաղթանակ է պարգևում Ռեալին (տեսանյութ)

Մադրիդի «Ռեալն» Իսպանիայի առաջնության 18-րդ տուրում սեփական հարկի տակ ընդունել էր «Ռեալ Սոսյեդադին»։ Նախ, հարկ է նշել, որ մինչև խաղի մեկնարկը Իկեր Կասիլյասին կրկին պահեստայինների նստարանին թողնելու իր որոշմամբ ֆուտբոլասերներին զարմացրեց մադրիդցիների գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն։

Հանդիպման սկիզբը չափազանց բուռն ստացվեց։ 2-րդ րոպեին Խեդիրայի փոխանցումից հետո Բենզեման բացեց հանդիպման հաշիվը, սակայն 7 րոպե անց «Ռեալի» մեկնարկային կազմում խաղադաշտ դուրս եկած Անտոնիո Ադանի սխալը բերեց 11-մետրանոց հարվածի և դարպասապահի հեռացման։ Ճակատագրի հեգնանքով խաղադաշտ դուրս եկավ «Ռեալի» ավագը՝ Իկեր Կասիլյասը, ով, սակայն, չկարողացավ հետ մղել Խավի Պրիետոյի հարվածը՝ 1։1։

10 հոգով մնացած Իսպանիայի գործող չեմպիոնները 35-րդ րոպեին կրկին առաջ անցան հաշվի մեջ. աչքի ընկավ Խեդիրան, սակայն հյուրերից այս անգամ ընդամենը 5 րոպե պահանջվեց խաղի հաշիվը հավասարեցնելու համար։ Դուբլ ձևակերպեց Պրիետոն՝ 2։2։

Երկրորդ խաղակեսը նույնպես առատ էր գոլերով։ Այս անգամ փայլեց Կրիշտիանո Ռոնալդուն, ով 2 րոպեի ընթացքում դուբլ ձևակերպեց․ 68-րդ րոպեին նա հրաշալի փոխանցում ստացավ Բենզեմայից, իսկ 70-րդ րոպեին տուգանայինից գնդակն ուղարկեց մրցակցի դարպասը։

Հյուրերը պատասխանեցին միայն մեկ անգամ՝ հեթ-տրիկ ձևակերպեց Պրիետոն, ով գրավեց Կասիլյասի պաշտպանած դարպասը։ 79-րդ րոպեին երկրորդ դեղին քարտի համար խաղադաշտից հեռացվեց հյուրերի խաղացող Դանիել Էստրադան։ Իսկ հաշիվն էլ մինչև խաղավարտ չփոխվեց՝ 4։3։

Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս