Խոշոր ավտովթար Արմավիրի մարզում. կան վիրավորներ, այդ թվում` անչափահասներ
Այսօր` հունվարի 6-ին, ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 14:00-ի սահմաններում անհայտ մակնիշի և համարանիշի ավտոմեքենայի վարորդը Արմավիր-Երևան ավտոճանապարհի 20-րդ կմ-ի հատվածում` Ծաղկունք գյուղի կամրջի մոտ, դեպի Երևան ընթանալիս, բախվել է իր առջևով ընթացող Էջմիածին քաղաքի բնակիչ 53-ամյա Ալբերտ Մուրադյանի վարած «ՎԱԶ 21-07» մակնիշի 22 ՏՍ 802 համարանիշի ավտոմեքենային:
Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախվելուց հետո անհայտ մակնիշի ավտոմեքենայի վարորդը դիմել է փախուստի, իսկ «ՎԱԶ 21-07»-ի վարորդը հարվածի հետևանքով ավտոմեքենայով դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել ճանապարհին տեղադրված երկաթյա ցուցանակին, այնուհետև՝ 3 ծառերի, որից հետո էլ բախվել է մեկ այլ ծառի: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ վթարի հետևանքով վարորդը և 3 ուղևորներ, որոնցից 2-ը անչափահաս երեխաներ են, քաղաքացիների և ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Արմավիրի մարզի փրկարար վարչության Արմավիրի և Վաղարշապատի հրշեջ փրկարարների և Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի աշխատակիցների օգնությամբ տեղափոխվել են Վաղարշապատի հիվանդանոց:
Դեպքի վայր են ժամանել ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի աշխատակիցները՝ վաշտի հրամանատար Տիգրան Գրիգորյանի և դասակի հրամանատար Գրիգոր Գրիգորյանի գլխավորությամբ: Մինչ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Արմավիրի մարզի քննչական բաժնի Վաղարշապատի քննչական բաժանմունքի ավագ քննիչ Արմեն Օսեյանը վթարի վայրում քննչական գործողություններն էր ղեկավարում, ՃՈ 2-րդ սպայական գումարտակի և Վաղարշապատի ոստիկանության աշխատակիցների օպերատիվ տվյալների հիման վրա, բացատրական աշխատանքների արդյունքում Վաղարշապատի ոստիկանություն է մեղայականով ներկայացել Էջմիածին քաղաքի Լոմոնոսով փողոցի բնակիչ Սամվել Մհերյանը, ով խոստովանել է, որ վթարը կատարել է ինքը «Ֆոլցվագեն» մակնիշի 34 ԼP 617 համարանիշի ավտոմեքենայով:
Ոստիկանությունը այս պահին պարզում է հիվանդանոց տեղափոխված անձանց ինքնությունը: Փրկարարների օգնությամբ հատուկ ճոպանի միջոցով ավտոմեքենան դուրս է բերվել ձորակից և քննիչի հանձնարարականով տեղափոխվում է ոստիկանության Վաղարշապատի բաժնի հատուկ պահպանման տարածք:
Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի
shamshyan.com