27-ամյա երիտասարդը ոչ սթափ վիճակում շրջվել է ավտոմեքենայով (լուսանկարներ)
Այսօր` հունվարի 6-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 00:10-ի սահմաններում Երևան քաղաքի բնակիչ 27-ամյա Էդգար Ռենյովը, վարելով «Օպել Աստրա» մակնիշի 33ՕU 347 համարանիշի ավտոմեքենան, Հերացի փողոցից դեպի Խանջյան փողոց ընթանալիս` թունելից դուրս գալիս ՀՀ ոստիկանության վարչական շենքի մոտ բախվել է բաժանարար բետոնե պատին և գլխիվայր շրջվել: Այս մասին հաղորդում է shamshyan.com կայքը:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չեն եղել: Վարորդը, ով գտնվել է ոչ սթափ վիճակում, չի ենթարկվել ոստիկանության և շտապ օգնության աշխատակիցներին: Ավտոմեքենայում հայտնաբերվել են նաև գարեջրի օգտագործված շշեր:
Նշվում է, որ գրեթե 1 ժամ նրան համոզել են, որ հասարակական կարգը չխախտի: Նրան անգամ չեն կարողացել կարգի հրավիրել դեպքի վայր ժամանած անձինք, ովքեր ներկայացել են որպես վարորդի հարազատներ:
Այնուամենայնիվ, ոստիկանները նրան բերման են ենթարկել ոստիկանության կենտրոնական բաժին, իսկ ավտոմեքենան տեղափոխվել են ՃՈ հատուկ պահպանման տարածք: Վարորդը տեղափոխվել է բժշկական կենտրոն՝ պարզելու նրա սթափության աստիճանը: