Քրիստոս ծնավ և հայտնեցավ, մեզ և ձեզ մեծ ավետիս, օրհնյալ է հայտնությունը Քրիստոսի
Սուրբ Ծնունդը և Աստվածահայտնությունը քրիստոնյա հավատացյալի սիրած և գլխավոր տոներից է: Մինչև չորրորդ դար քրիստոնյա բոլոր եկեղեցիները Աստվածահայտնությունը տոնում էին միասին` հունվարի 6-ին: 5-րդ դարից սկսած արևմտյան եկեղեցիները Սուրբ Ծնունդը սկսեցին տոնել դեկտեմբերի 25-ին: Թե ինչու է կաթոլիկ եկեղեցին Սուրբ Ծնունդը տոնում դեկտեմբերին, իսկ ուղղափառները` հունվարին, տարբեր բացատրություններ կան:
Ս. Ծննդյան տոնի մասին ամենահին հիշատակությունները թվագրվում են երկրորդ դար: Ըստ այդ հիշատակությունների, 2-րդ դարում Եգիպտոսի քրիստոնյաները հունվարի 6 – 10-ն ընկնող հատվածում էին տոնում Քրիստոսի ծնունդը և մկրտությունը: Հետագա տեղեկությունների համաձայն բոլոր քրիստոնյաները Ծնունդը և մկրտությունը տոնում էին հունվարի 6-ին:
Հին հիշատակություններում նկարագրվում է, թե ինչպես քրիստոնյաները առավոտ կանուխ հավաքվում էին Բեթղեհեմում, տոնում Սուրբ ծնունդը և շտապում դեպի Հորդանան գետը` 13 կմ հեռու: Երեկոյան հասնում էին այնտեղ և հիշատակում մկրտությունը:
Այդ տարիներին Արևմտյան աշխարհում մեծ ժողովրդականություն էր վայելում դեկտեմբերի 25-ին նշվող արևին փառաբանող տոնը: Կաթոլիկ եկեղեցին փոխելով տոնի անունը` փոխում է նաև նշանակությունը` արևի ծնունդը փոխարինվում է ճշմարիտ Աստծո` Հիսուս Քրիստոսի ծննդյամբ: Եվ այսպես 336թ-ից ի վեր Կաթոլիկ եկեղեցին Ս.Ծնունդը տոնում է դեկտեմբերի 25-ին:
Հայ եկեղեցին, հավատարիմ մնալով առաքելահաստատ կանոնին, շարունակեց Աստվածորդու ծնունդը տոնել հունվարի 6-ին:
Հունվարի 5-ի երեկոյան Մայր Աթոռ Ս. Էջմիածնում և Առաքելական բոլոր եկեղեցիներում Ճրագալույցի Պատարագի ավարտին կատարվում է նախատոնակ և հնչում Փրկչի Ծննդյան ավետիսը. «Քրիստոս ծնավ և հայտնեցավ, մեզ և ձեզ մեծ ավետիս, օրհնյալ է հայտնությունը Քրիստոսի»: