Արմեն Արզումանյանը շնորհավորել է «168 ժամ»-ի խմբագրակազմի Ամանորը
Երեկ տեղեկատվություն էինք հրապարակել այն մասին, որ Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ Ալեքսան Հարությունյանն այս ամսվա վերջին կայանալիք ընտրությունների ժամանակ չի վերընտրվելու իր պաշտոնում: 168.am-ի հավաստի աղբյուրների հաղորդմամբ` նրա փոխարեն Հանրայինը ղեկավարելու է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի մամուլի քարտուղար Արմեն Արզումանյանը: Ըստ նույն աղբյուրի` Ալեքսան Հարությունյանը նշանակվելու է Ֆրանսիայում ՀՀ դեսպան:
Քիչ առաջ մեր այս հրապարակմանն արձագանել է ՀՀ նախագահի մամուլի քարտուղար Արմեն Արզումանյանը: «Շնորհավորում եմ «168 ժամ»-ի խմբագրակազմին Ամանորի տոների առթիվ և ցանկանում ուրախ տրամադրություն ու հաջողություններ: Կարդալով ձեր այսօրվա հոդվածը Հանրային հեռուստառադիոընկերության և տարբեր նշանակումների մասին, արդեն հասկացել եմ, որ տրամադրության առումով ամեն ինչ տեղում է, իսկ Նոր տարին էլ կարծես ուրախ է սկսվել հարգարժան թերթի լրագրողների համար: Եվ չնայած ես, որպես կանոն, չեմ արձագանքում տարբեր ասեկոսեներին, հատկապես ուրախ սեղանների շուրջ ծնված «լուրերին», այնուամենայնիվ, այս անգամ որոշեցի խնդրել ձեզ, որպեսզի ներողություն հայցեք առնվազն անչափ սիրված ու հարգված պարոն Չիթեչյանից, ով 2009 թվականից ի վեր Ֆրանսիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանն է:
Շնորհավոր Սուրբ Ծնունդ»,-նշել է Ա. Արզումանյանը:
Ինչ խոսք, Վիգեն Չիտեչյանը 2009 թվականից Ֆրանսիայում Հայաստանի հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանն է (այդ թվում` 2011թ. Անդորրայի Իշխանապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանը և Մոնակոյի Իշխանապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանը) և դա փաստ է: Սակայն այս փաստն ամենևին չի հերքում նշյալ հրապարակման մեջ տեղ գտած` Ֆրանսիայում ՀՀ դեսպանի հնարավոր փոփոխության մասին տեղեկատվությունը: Դեսպանների ծառայության ժամկետները սահմանված են Դիվանագիտական ծառայության մասին ՀՀ օրենքով (ընդունված` 2010թ. դեկտեմբերի 22): Նշված օրենքով՝ դիվանագիտական ներկայացուցչության ղեկավար դեսպանի, ինչպես նաև մշտական ներկայացուցչի պաշտոնները հայեցողական պաշտոններ են: Դեսպանին և մշտական ներկայացուցչին նշանակում և ազատում է ՀՀ նախագահը: Նույն օրենքի համաձայն` «Դեսպանը և մշտական ներկայացուցիչը նշանակվում են մինչև 4 տարի ժամկետով, իսկ պաշտոնավարման ժամկետի ավարտից հետո անմիջապես այլ պետությունում դեսպանի կամ միջազգային կազմակերպությունում մշտական ներկայացուցչի պաշտոնում նշանակվելու դեպքում` մինչև երեք տարի ժամկետով: Անհրաժեշտության դեպքում նշված ժամկետները կարող են երկարաձգվել կամ կրճատվել» (հոդված 6):
Հ.Գ. 168.am-ի վերոնշյալ լուրի հրապարակման մեջ կոպիտ սխալ էր սպրդել (թյուրիմացաբար նշվել էր, թե Ֆրանսիայում վերջին ՀՀ դեսպանը եղել է Էդուարդ Նալբանդյանը` մինչև 2008թ.), որն, իհարկե, անմիջապես շտկվել էր, սակայն որի համար խմբագրությունը իր ներողությունն է հայցում ընթերցողից և ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Վիգեն Չիտեչյանից: