PKK-ն վիճակագրական տվյալներ է հրապարակել 2012 թ. թուրքական անվտանգության ուժերի հետ բախումների մասին

Թուրքիայում ահաբեկչական հռչակված ու արգելված «Քրդստանի աշխատավորական» կուսակցությունը (PKK) տվյալներ է հրապարակել 2012 թվականին թուրքական անվտանգության ուժերի հետ գրանցված բախումների մասին: Նախորդ տարի քուրդ պարտիզանները ձեռնարկել են 736 հարձակում, թուրքական կողմն իր հերթին իրականացրել է 320 ցամաքային և 324 օդային օպերացիա:

PKK-ի տվյալներով՝ այդ բախումներում պարտիզանների կորուստները կազմել են 314 մարդ, իսկ թուրքերը տվել են 2221 սպանված (չի բացառվում, որ քրդերը որոշակիորեն նվազեցրած լինեն սեփական և ընդհակառակը՝ չափազանցրած լինեն թուրքական կողմի կորուստները – 168.am): Նշվում է, որ թուրքերն այդպիսի կորուստներ չեն կրել 1998 թվականից: Դա բացատրվում է PKK-ի որդեգրած նոր մարտավարությամբ. նախկին «չհարձակվել և թաքնվելը»վերափոխվել է «հարձակվել և պաշտպանել դիրքերը» մարտավարության:

2012 թվականի առաջին կեսին պարտիզանները գրավել և ամրապնդել են ռազմավարական բարձունքներ, ոլորաններ, կամուրջներ և այլն, իսկ տարվա երկրորդ կեսին նրանք անցել են հարձակման: Թուրքական կողմը փաստացիորեն կորցրել է վերահսկողությունը Հաքքարի և Շըրնաք նահանգներում, ակտիվ մարտեր են մղվել Վան, Աղրը (Արարատ), Դիարբեքիր, Կարս, Բաթման (Սասուն), Բիթլիս, Մարդին և Թունջելի (Դերսիմ) նահանգներում:

PKK-ն նաև տվյալներ է հրապարակել նախորդ տարի ոչնչացրած ռազմական տեխնիկայի մասին: 2012 թվականին քուրդ պարտիզաններին հաջողվել է ոչնչացնել 3 հատ անօդաչութռչող սարք, «Սիկորսկի» տիպի 15ուղղաթիռ և մասնակիորեն վնասել նույն տիպի 42 և «Կոբրա» տիպի 11 հարվածային ուղղաթիռ:

Կարդացեք նաև

Բացի այդ, քուրդ պարտիզանները ոչնչացրել են 29 տանկ, 15 զրահատրանսպորտ, 16 հետևակի մարտական մեքենա, թուրքական արտադրության A6 տիպի 12 գնդացիր, MG3 տիպի 2 գնդացիր, թուրքական արտադրության G3 տիպի 5 ինքնաձիգ, ինչպես նաև մեծ քանակությամբ զինամթերք, նոթբուքեր ու բջջային հեռախոսներ: Քուրդ պարտիզանները նախորդ տարի վերցրել են նաև մեծ քանակությամբ ավար՝ տարբեր տիպի ինքնաձիգներ ու գնդացիրներ, հրացաններ ու ձեռքի նռնակներ, տարբեր տիպի զինամթերք:

PKK-ն ընդգծում է, որ 2012 թվականն իր համար վերջին տասնամյակի ամենահաջող տարիներից մեկն էր: Քուրդ պարտիզաններին հաջողվել է ոչ միայն գրավել ռազմավարական կարևորության շրջաններ, այլև՝ հակառակորդի ցամաքային ու օդային հարձակումներից հետո պահել դրանք:

Հիշեցնենք, որ 2012 թվականի սեպտեմբերի սկզբին ֆրանսիական Le Monde թերթը գրեց, որ 2012 թվականի ամառը Թուրքիայի համար ամենաարյունոտ ամառներից մեկն էր 1990-ական թվականներից ի վեր: Իսկ թուրք լրագրող և վերլուծաբան Մեհմեթ Ալի Բիրանդի խոսքերով` 2012 թվականի ամառը թուրքական կողմի համար վերջին 14 տարիների (երբ ձերբակալվեց PKK-ի հիմնադիր և առաջնորդ Աբդուլլահ Օջալանը) ամենավատ ամառն էր:

Տեսանյութեր

Լրահոս