
Սկանդալը թափ է հավաքում. վկան հաստատել է, որ Սարկոզին փող է վերցրել Քադդաֆիից

Լիբիայի և Ֆրանսիայի միջև նախկին միջնորդ, լիբանանցի գործարար Զիադ Թաքիեդդինը հաստատել է, որ Մուամմար Քադդաֆիի վարչակազմը ֆինանսավորել է Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզիի նախընտրական արշավը։
Թաքիեդդինն այդ մասին ասել էր դեռ դեկտեմբերի 19-ին դատարանում՝ զենքի ապօրինի վաճառքի գործով լսումների ժամանակ։ Իսկ այժմ հրապարակային կրկնել է իր հայտարարությունը Le Parisien թերթին տված հարցազրույցում։
Գործարարը խոստացել է դատարանին փաստաթղթեր ներկայացնել, որոնք ապացուցում են, որ 2006-2007թթ. Քադդաֆին գումարներ է տրամադրել Սարկոզիին։ Ընդ որում, ֆինանսավորումը չի դադարել նաև ընտրություններից հետո։ Տրիպոլիից ստացված ֆինանսական օգնությունը գերազանցում է 50 միլիոն եվրոն։
Խոսակցություններն այն մասին, որ Սարկոզին գումարներ է ստացել Լիբիայի բռնապետից, սկսեցին շրջանառվել դեռ 2011 թվականի մարտին։ Քադդաֆիի որդին՝ Սեյֆ ալ-Իսլամը, հայտարարեց, որ Սարկոզին իր ընտանիքից ստացել է 50 միլիոն եվրո։ Մեկ տարի անց Mediapart ինտերնետ-հրատարակչությունը փաստաթղթեր հրապարակեց, որոնք ապացուցում էին այդ տեղեկությունների ճշմարտացիությունը։ Ֆրանսիայի նախկին նախագահն այդ փաստաթուղթը կեղծիք անվանեց։