Երիտասարդները Երևանի բարերից մեկում միմյանց գլխին գարեջրի շշեր են կոտրել
Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնում նյութեր են նախապատրաստվել հունվարի 1-ին տեղի ունեցած կեղծ ավտովթարի փաստով:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նույն օրը ժամը 04:00-ի սահմաններում 3-րդ կլինիկական հիվանդանոցից հայտնել էին ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն, որ իրենց մոտ բուժօգնության են դիմել Դավիթաշեն 8-րդ փողոցի բնակիչներ, 24-ամյա Միքայել Մկրտչյանը «այտ-ոսկրաակնակապճային կոտրվածք» վնասվածքով եւ 23-ամյա Ռուբեն Սարիբեկյանը՝ գանգուղեղային տրավմա, աջ դաստակի կտրած վերք, աջ ականջի վնասվածքներով:
Հիվանդանոց մեկնած ոստիկանության ՃՏՀ քննության բաժնի ավագ քննիչ Արսեն Մարգարյանին երիտասարդները հայտնել էին, որ վնասվածքներն ստացել են նույն օրը ավտովթարի հետեւանքով Արաբկիր վարչական շրջանում Կոմիտաս պողոտայի մոտակայքում: Այս մասին հաղորդում է shamshyan.com կայքը:
Մինչ երիտասարդները հիվանդանոցում բուժում են ստացել, ՃՏՀ քննության բաժնի քննիչները ոստիկանության Արաբկիրի բաժնի աշխատակիցների հետ ձեռնարկել են օպերատիվ քննչական գործողություններ, որով էլ պարզվել է, որ ոչ մի ավտովթար տեղի չի ունեցել, այդ ամենը հորինված է:
Աղբյուրի տվյալներով, իրականությունն այն է, որ նույն օրը ժամը 02:30-ի սահմաններում Կենտրոն վարչական շրջանի Իսահակյան փողոցի 41 հասցեում գտնվող «Վիսկի» բարում մի խումբ անձանց, այդ թվում աղջիկների, միջեւ տեղի է ունեցել ծեծկռտուք, որի ժամանակ էլ գարեջրի շշերով հարվածել են միմյանց: