
Կարինե Աճեմյանը խորհուրդ է տալիս չծանրաբեռնել ստամոքսն ու սեղանը

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Կարինե Աճեմյանը 168.am-ի հետ զրույցում ասաց, որ Նոր տարին միշտ անցկացնում է տանը՝ ընտանիքի հետ: 2012 թվականի ամենամեծ ձեռքբերումը Կարինե Աճեմյանի համար իր դստերը երջանիկ տեսնելն էր: Ինչ վերաբերում է անցած տարվա քաղաքական հաջողություններին, Կ. Աճեմյանը նշեց, որ իր համար մեծ հպարտություն էր խորհրդարանում հենց Հանրապետականին տեսնել՝ որպես իշխող մեծամասնություն:
Տոնական սեղանին Կարինե Աճեմյանն ընտանիքի համար անպայման հնդկահավ է պատրաստում ու, ինչպես խոստովանեց՝ առաջին անգամ 2013-ին պատրաստվում է ղափամա պատրաստել:
Ինչ վերաբերում է ամանորյա ծախսերին, Աճեմյանը շեշտեց, որ միշտ խնայողաբար է գնումներ կատարում ու կարծում է, որ տոնը մեծ ծախսերի միջոցով չէ, որ հիշվող ու գեղեցիկ է դառնում:
«Ո՛չ սեղանը, ո՛չ ստամոքսը չի կարելի շատ ծանրաբեռնել, այլ պետք է կենտրոնանալ տոնի վրա: Ես դրա համար ավելի շատ ընդեղենի, մրգերի, չարազի սեղանն եմ շատ սիրում և կարծում եմ, որ բոլորի տներում այս սեղանը պետք է ավելի գեղեցիկ լինի, զարդարված»,- ասաց նա:
Կարինե Աճեմյանից հետաքրքրվեցինք, թե արդյոք միայն հարազատների՞ն է հյուրընկալում այդ օրերին, թե՞ նաև հանրապետական իր ընկերներին, ինչին ի պատասխան՝ նա անկեղծացավ. «Հիմնականում մտերիմներն ու հարազատներն են ինձ հյուրընկալվում, բայց երբեմն՝ նաև կուսակիցները: Ընդհանուր առմամբ, մեր տուն գալիս են մտերիմ ընկերները, արվեստի գործիչներ: Այս տոնն արդյունավետ է նրանով, որ ոչ միայն արձակուրդում ենք լինում, այլև շփվում ենք մարդկանց հետ, ում երկար ժամանակ չենք տեսել»:
2013 թվականի սպասումներից խոսելով, ՀՀԿ-ական պատգամավորը նշեց, որ ակնկալիքները կապված են փետրվարին կայանալիք նախագահական ընտրությունների և գործող նախագահի հաղթանակի հետ: «Քանի որ լավ ենք պատրաստվել ընտրություններին, ամեն ինչ իր հունով գնում է, կարծում եմ՝ ընտրությունները կգոհացնեն մեզ: Իսկ ամենամեծ ակնկալիքս անձնական դաշտում է՝ կապված աղջկաս ամուսնության հետ: Այնպես որ՝ ակնկալիքներս լավատեսական են»,- ընդգծեց նա:
Իսկ Նոր տարվա կապակցությամբ՝ Կարինե Աճեմյանը հայերին մաղթեց ներդաշնակություն, համերաշխություն, լավատեսական տրամադրություն և ապահով երկիր: