Բաժիններ՝

Մինչև ժամը 12-ը ով՝ ումից խռոված է, թող բարիշեն. Շարմազանով

Հարցազրույց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի հետ

– Ինչպե՞ս եք դիմավորելու 2013 թվականը:

– 2013 թվականը դիմավորելու եմ բարձր տրամադրությամբ` ընտանիքիս, եղբորս ընտանիքի, մայրիկիս հետ` մեր հայրական տանը` Ալավերդի քաղաքում, ըստ ավանդույթի: Ձմեռ պապիկը կգա մեր տուն, երեխաները ոտանավորներով, երգով կդիմավորեն Ձմեռ պապիկին, Ձմեռ պապիկն էլ, ըստ նրա, թե երեխաներից ով՝ ինչքան լավ արտասանի, լավ կերգի՝ նվերներ կտա:

– Նվերներ գնե՞լ եք հարազատների, բարեկամների համար:

Կարդացեք նաև

– Բա ես եմ գնել, մեր տանը ես եմ գնում: Մեզ մոտ դա ավանդույթ է եղել, հայրիկիցս է դա գալիս: Կարևոր չէ նվերի չափը, բայց տան բոլոր անդամները մեկը մյուսին նվեր ենք անում: Աղջիկս կարող է, օրինակ, բացիկի վրա բարեմաղթանք գրի, եղբորս երեխաները մեկ այլ բան պատրաստեն, բայց մեզ մոտ էդպես է,  երբ ժամը 12-ը խփում է, ընտանիքի մեծը մտնում է տուն, շնորհավորում է  բոլորին, և այդ ընթացքում բոլոր նվերներ են տալիս իրար:

– Բուռն քաղաքական անցուդարձի մեջ փաստորեն  հասցրել եք նախապատրաստվել Նոր տարուն:

– Չի հասցնում նա, ով ոչինչ չի անում: Եթե կյանքդ և օրդ ճիշտ պլանավորում ես, ամեն ինչ կհասցնես:

– Ամանորյա ձևավորումներին մասնակցո՞ւմ եք:

– Այդ հարցերով զբաղվում են տիկինս, եղբորս կինը և մայրիկս: Իրենք են ձևավորում, բայց` բնականաբար մեր ցանկությունները հաշվի առնելով: Այդ հարցերում եղբայրս ավելի կոմպետենտ է:

– 2013 թվականին ի՞նչ եք ցանկանում հայ ժողովրդին:

– Առհասարակ ես միշտ  ցանկանում եմ շատ-շատ սեր, որովհետև Աստված մարդկանց ստեղծել է, որպեզի մեկս մյուսին սիրենք, հարգենք, բարին կամենանք, այլ ոչ թե մեկս մյուսին խանգարենք: Նախ՝ մինչև ժամը 12-ը ով՝ ումից խռոված է, թող բարիշեն, թող բաց սրտով տարին դիմավորեն: Հայ ժողովրդին ես ավանդաբար մի բան եմ ցանկանում. քանի որ Ամանորն ընտանեկան տոն է, թող յուրաքանչյուր ընտանիք ինչ նպատակ, երազանք ունի, թող Աստված իրականացնի: Բոլորին ցանկանում եմ սեր, առողջություն, խաղաղություն, բարեկեցություն: Խաղաղությունը պետք է ոչ միայն սահմաններին, այլ նաև մարդուն: Եթե մարդ իր հոգու, իր խղճի հետ խաղաղ լինի՝ ամեն ինչ նորմալ կլինի:

– Մինչև ե՞րբ եք հավատացել Ձմեռ պապիկին:

– Ես մինչև հիմա էլ հավատում եմ: Ես հեքիաթներին հավատում եմ և Ձմեռ պապիկին էլ եմ հավատում: Ո՞վ է ասում, որ Ձմեռ պապիկը չկա: Մեկի համար մի տեսքով է գալիս, մյուսի համար՝ մեկ այլ տեսքով, բայց  Ձմեռ պապիկ միշտ էլ լինում է կյանքում: Պարզապես ոչ միայն պետք է Ձմեռ պապիկին հավատալ, այլև պետք է ամեն ինչ անել, ճիշտ ապրել, որպեսզի  Ձմեռ  պապիկը քեզ սիրի:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս