ԲՀԿ-ն «թայմ-աութ» չի վերցրել, ակտիվ քաղաքականության մասնակից է եղել 2012թ. ընթացքում
ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր, մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Էլինար Վարդանյանն 2012թ. ձեռքբերումներից մեկը համարում է այն, որ ոլորտը կարգավորող օրենսդրական մի շարք նախաձեռնություններ հաջողությամբ ավարտվեցին:
«Նախորդ տարին ես, իհարկե, կամփոփեմ մարդու իրավունքների պաշտպանության տեսակետից: Կարևորում եմ նախորդ տարվա ընթացքում «Կանանց և տղամարդկանց հավասար իրավունքների և հնարավորություների մասին» օրենքի` առաջին ընթերցմամբ ընդունելու փաստը: Կարևորում եմ հաշմանդամների վերաբերյալ միջազգային կարևորագույն կոնվենցիային միանալու փաստը, որն իր հերթին ենթադրում է նաև օրենսդրական դաշտի փոփոխություններ»,- ասաց Էլինար Վարդանյանը:
Ինչ վերաբերում է բացթողումներին և թերացումներին, ԲՀԿ խմբակցության պատգամավորն առաջին հերթին մատնանշեց արտագաղթի, աղքատության աճը: «Ցավով պետք է նշեմ, որ նախորդ տարվա ընթացքում որևէ քայլ չձեռնարկվեց այդ կարևորագույն երևույթների դեմ պայքարելու համար»,- նշեց Էլինար Վարդանյանը:
Հարցին, թե 2012թ. քաղաքական առումով ավելի շատ ձեռքբերումներ եղա՞ն, թե՞ ձախողումներ, Էլինար Վարդանյանը պատասխանեց, թե դժվար է միանշանակ գնահատականներ տալ այդ հարցում:
Խոսելով ՀՅԴ-ի և ՀԱԿ-ի՝ ընտրություններին չմասնակցելու վերաբերյալ որոշումների մասին, Էլինար Վարդանյանը նշեց, որ այդ քայլերի ազդեցությունը կերևա հաջորդ տարվա ընթացքում: «Այդուհանդերձ, յուրաքանչյուր քաղաքական ուժ ինքն է որոշում նախագահական ընտրություններին իր մասնակցության ձևաչափը, ուստի ես միայն հարգանքով կարող եմ վերաբերվել իրենց որոշմանը»,- նշեց ԲՀԿ-ական պատգամավորը:
Հարցին, թե ԲՀԿ-ի վերցրած «թայմ-աութը» հաջորդ տարի ինչպե՞ս կանդրադառնա կուսակցության վարկանիշի վրա, Էլինար Վարդանյանը պատասխանեց. «ԲՀԿ-ն «թայմ-աութ» չի վերցրել, պարզապես չի մասնակցում նախագահական ընտրություններին, որը և քաղաքական կուսակցության իրավունքն է: ԲՀԿ-ն ակտիվ քաղաքականության մասնակից է եղել տարվա ընթացքում և շարունակելու է մասնակցել ակտիվ քաղաքականությանը: Կուսակցության քաղաքական գործունեությունը միանշանակ միտված չէ նախագահական ընտրություններին մասնակցելուն:
Յուրաքանչյուր կուսակցություն իր գործունեությամբ նպաստում է երկրի զարգացմանը և աճին, բայց դա բոլորովին չի նշանակում, որ տվյալ կուսակցությունը պարտադիր պետք է մասնակցի նախագահական ընտրություններին»:
Չցանկանալով կանխատեսել, թե ինչպիսի քաղաքական տարի կլինի 2013 թվականը` Էլինար Վարդանյանը միայն նշեց միայն, որ կցանկանար, որպեսզի լուծվեին երկրի հրատապ խնդիրները: