Ավելի լավ Հայաստան այսպես, թե այնպես լինելու է. Տիգրան Ուրիխանյանի ամանորյա բարեմաղթանքները

«Երբ մտածում էի` կուսակցության և խմբակցության անունից ինչ ամփոփիչ խոսք պետք է ասեմ խորհրդարանում, մտածեցի, մտածեցի և որոշեցի պարզապես անկեղծանալ: Անշուշտ, շատ բաներ կային այս տարվա ընթացքում, որոնք դեռ չեն արվել, հուսամ, որ եկող դարում մենք այդ ամենը կլրացնենք»,- 168.am-ի հետ զրույցում ամփոփելով անցնող տարին` ասաց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության մամլո խոսնակ, ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը:

Խոսելով տարվա ձեռքբերումների և բացթողումների մասին` Տ.Ուրիխանյանն ասաց, որ միգուցե և կային որոշ բաներ, որոնք կարելի էր և չանել, բայց ամենակարևորը` ինչ արվել է, արվել է ազնվությամբ, արվել է հավատալով գործին և առաջնորդվել է կամեցողությամբ ու կարեկցանքով:

«Որոշ դեպքերում ձեռքբերումներ, եթե կարելի է ձեռքբերում համարել ահռելի պատասխանատվության ստանձնումը և վերցնելը այն բեռը, որը ԲՀԿ-ն և նրա անդամները, ես էլ` որպես այդ թիմի անդամ, մեզ վրա վերցրեցինք: Կուզեմ, որպեսզի եկող տարում լինի պատասխանատվություն այն կրելու և երբևէ դրա տակից դուրս գալու, իսկ դուրս կգանք այն ժամանակ, երբ կունենանք և հանգիստ խղճով կհասնենք բարեկեցիկ, զարգացած, առաջադեմ Հայաստանի Հանրապետության»,- ավելացրեց ԲՀԿ մամլո խոսնակը:

«Ւսկ եթե ԲՀԿ-ն գնար ընտրությունների և իր վրա վերցներ այդ բեռը, չէ՞ր լինի ավելի լավ Հայաստան»,- հարցրինք մենք:

Կարդացեք նաև

«Ավելի լավ Հայաստան այսպես, թե այնպես լինելու է: Ես ուզում եմ, որ այն շատ ավելի շուտ լինի, քան շատերս կարող ենք մտածել: Եվ վստահ եմ` ԲՀԿ-ն իր ծանրակշիռ դերակատարում է ունենալու իր խորհրդարանական խմբակցությամբ և բոլոր հնարավոր միջոցներով յուրաքանչյուր օր մի քայլ կատարելու` շոշափելիորեն իրավիճակ փոխելու համար: Թե հիմա ի՞նչ կարող էր լինել, ի՞նչ չէր կարող լինել, դրանք արդեն իրողության հետ կապ չունեցող բաներ են: Չէի ուզենա այս պահին ո´չ կանխատեսումների, ո´չ վերլուծության մեջ մտնել»,- պատասխանեց ԲՀԿ մամլո խոսնակը:

Իսկ հարցին` որտե՞ղ և ինչպե՞ս է Տիգրան Ուրիխանյանը նշելու Ամանորը, նա պատասխանեց. «Ես միշտ ձգտում եմ իմ կողմից սիրված և ինձ սիրող մարդկանց շրջապատում անցկացնել այս տոնը, որն ինձ համար շատ հաճելի ու շատ կարևոր է: Բնականաբար` ընտանիք, հարազատներ, ընկերներ և այդպես շարունակ` մինչև չսպառվի այն մեծ թիվը իմ կողմից սիրված և ինչ-որ կերպ ընդունված մարդկանց»:

Մենք նաև հետաքրքրվեցինք, թե ինչպե՞ս պետք է նշել Նոր Տարին:

«Անպայման հոգու մեջ պիտի լինի մեծ ուրախություն, շքեղություն ու ճոխություն զգացմունքների ու զգացողության առումով: Մնացած ամենը երկրորդական են»,- ի պատասխան ասաց Տիգրան Ուրիխանյանը:

Տեսանյութեր

Լրահոս