
Ադրբեջանցիները 14 000 անգամ խախտել են հրադադարի ռեժիմը

ԼՂՀ Պաշտպանության բանակի օպերատիվ տվյալներով՝ 2012թ.-ին ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 14 000 անգամ: Տարբեր տեսակի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 68 700 կրակոց: Հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմի խախտման ինտենսիվություն հատկապես նկատվել է պետական նշանակության միջոցառումների և տոն օրերի ժամանակ ու դրանց նախորդած շրջանում: Այդ մասին տեղեկացնում են ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունից:
Չնայած հակառակորդի դրսևորած այսօրինակ ակտիվությանը, ՊԲ առաջապահ զորամասերը ողջ տարվա ընթացքում հավատարիմ են մնացել հրադադարի պահպանման ռեժիմին և լիովին վերահսկել իրավիճակը հակառակորդի հետ շփման գծում՝ հարկ եղած դեպքում ձեռնարկելով նաև կանխարգելիչ գործողություններ և ստիպելով վերջինիս հրաժարվել իր նկրտումներից: