Արման Մելիքյանն էլ առաջադրվեց

Կենտրոնական ընտրական հանձնաժողովն այսօր ընդունել է ինքնաառաջադրման միջոցով Հանրապետության նախագահի 2013թ.-ի փետրվարի 18-ին կայանալիք ընտրություններում թեկնածու առաջադրվելու համար անկուսակցական, ԼՂՀ նախկին արտգործնախարար Արման Մելիքյանի փաստաթղթերը: Ինչպես «Pastinfo.am»-ի թղթակցին հայտնել է ԿԸՀ նախագահի մամուլի քարտուղար Հերմինե Հարությունյանը, Ա.Մելիքյանի հայտը ներկայացրել է նրա լիազոր ներկայացուցիչ Էլեոնորա Ասատրյանը:

Սա այսօր ներկայացված երրորդ հայտն է: Ավելի վաղ ինքնաառաջադրման միջոցով առաջադրվել էին անկուսակցականներ` Պավլիկ Սարգսյանը և Մամուլի ազգային ակումբի նախագահ Նարինե Մկրտչյանը:

Այսպիսով` ԿԸՀ-ն դեկտեմբերի 25-ից ի վեր արդեն ստացել է թեկնածուների առաջադրման 9 հայտ:

Նախորդ երեք օրերին առաջադրվել էին ՀՀ գործող Նախագահ, ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանը, «Ազգային ինքնորոշում միավորում» կուսակցության նախագահ Պարույր Հայրիկյանը, «Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահ Արամ Հարությունյանը, անկուսակցականներ, ոչ մի տեղ չաշխատող` էպոսագետ, 1967թ.-ին ծնված Վարդան Սեդրակյանը և 1970թ.-ին ծնված Մհեր Հայրապետյանը, «Ռադիո Հայ» ՍՊԸ ժողովի նախագահ, 1970թ.-ին ծնված Անդրիաս Ղուկասյանը: Ս.Սարգսյանն առաջադրվել է ՀՀԿ-ի կողմից, մնացած հինգը` ինքնաառաջադրման միջոցով:

Հիշեցնենք, որ Հանրապետության Նախագահի թեկնածուների առաջադրման գործընթացը կտևի մինչև հունվարի 4-ը:

 

Փաստինֆո

 

Տեսանյութեր

Լրահոս