
Կոմունիստներն էլ միացան բոյկոտին

Հայաստանի կոմունիստական կուսակցությունն, այսօր՝ դեկտեմբերի 29-ին կայացած Կենտրոնական կոմիտեի պլենումում որոշում է կայացրել բոյկոտել առաջիկա նախագահական ընտրությունները: Այս մասին News.am-ի թղթակցի հետ զրույցում նշել է Հայաստանի Կոմկուսի կենտկոմի երիտասարդական քաղաքականության հարցերով քարտուղար Երջանիկ Ղազարյանը:
Նրա խոսքով՝ այդ որոշման մեջ նշվում է սկսված քարոզարշավի ընթացքում անհնար է գաղափարական պայքար ծավալել, ինչը լրիվ անիմաստ է դարձնում Կոմկուսի կողմից նախագահի թեկնածուի առաջադրումը: Ավելին, քանի որ նախագահի պաշտոնի հավակնորդների շարքում չկա մեկը, ով հանդես կգա երկրի զարգացման սոցիալիստական ուղու օգտին, ՀԿԿ-ն հրաժարվել է պաշտպանել որեւէ թեկնածուի:
Ընտրություններին մասնակցելուց հրաժարվելու պատճառներից մեկը հայ կոմունիստները համարում են այն հանգամանքը, որ «անկախ Հայաստանի ողջ պատմության ընթացքում իշխանությունները տոտալ կերպով կեղծում են ընտրությունների արդյունքները և ներկայումս, ցավոք, այդ իրավիճակը փոխելու պայմաններ չկան»: