Բաժիններ՝

Ինչպես է պետությունը թալանում քաղաքացիներն

Այս պահին Երևանի բնակիչների մի մասի շրջանում իսկական աժիոտաժ է տիրում, հիստերիայի հասնող աստիճանի: Մայրաքաղաքի գրեթե բոլոր բանկերի բոլոր մասնաճյուղերում աննկարագրելի հերթեր են գոյացել: Այսօր 2012 թվականի վերջին աշխատանքային օրն է, բանկերը վաղվանից այլևս չեն աշխատելու, ինչը, բառի բուն իմաստով, գլխացավանք է դարձել ավտոմեքենաների սեփականատեր քաղաքացիների համար:

Վարորդների մեծ մասն ավտոմեքենաների տեխզնննման հետ կապված անիմաստ գործարքը կատարում է դեկտեմբերի վերջին օրերին: Տեխզննում` որպես այդպիսին, չի կատարվում, քանի որ վարչապետ Տիգրան Սարգսյանի նախաձեռնած շատ մարդասիրական բարեփոխման արդյունքում՝ վարորդները կարող են ընդամենը ավտոմեքենաների գույքահարկի վճարված անդորրագիրը ներկայացնել որևէ բանկ և գնել տեխզննման կտրոնը: Պետությունը մոտ 10.000 դրամանոց թուղթ է վաճառում քաղաքացիներին, որը` բացի ավտոմեքենայի դիմապակուն փակցված լինելուց, որևէ այլ գործնական նշանակություն չունի: Բուն տեխզննումն այլևս պարտադիր չէ, կատարվում է կամավոր հիմունքներով, իսկ քաղաքացիները դրանից հրաժարվում են, քանի որ տեխզննման կայանների մեծամասնությունը, առանց մեքենան զննելու, «վավերացնում» է տեխզննման կատարումը 1000-2000 դրամի դիմաց: Բայց այսօր խնդիրը բուն տեխնիկական զննումը չէ:
Այսօր, ինչպես նշեցինք, 2012 թվականի վերջին աշխատանքային օրն է: Դա նշանակում է, որ եթե վարորդները չկարողանան բանկերից ձեռք բերել տեխզննման կտրոնները, դա չեն կարող անել մինչև հաջորդ տարվա աշխատանքային առաջին օրը` հունվարի 7-ը: Իսկ Երևանի որևէ բանկում այևս  հնարավոր չէ գտնել տեխզննման այդ չարաբաստիկ կտրոնները: Բոլոր բանկերից քաղաքացիներին հետ են ուղարկում` ասելով, որ կտրոնները վերջացել են` տպագրական խնդիրների պատճառով: Թե ում մեղքով՝ կարևոր չէ: Կարևոր չէ նաև, թե պետական որ կառույցը կամ որ գերատեսչության տենդերը շահած կազմակերպությունն է թերացել տեխզննման կտրոնների տպագրության հարցում: Կարևորն այն է, որ այդ թերացման արդյունքում ամանորյա տոնական օրերին պետավտոտեսուչներն իսկական «ավարի» հնարավորություն են ստանալու: Տեխզննման կտրոնի բացակայությունը դիմապակուց կարող է տուգանվել 30-50 հազար դրամի շրջանակներում, ինչը վստահաբար մեծագույն հաճույքով անելու են պետավտոտեսուչները:
Իսկ դա նշանակում է, որ տեխզննման կտրոնների տպագրության «խնդիրը», հնարավոր է, արհեստական է, պետությունը միտումնավոր ստեղծել է այդ անիմաստ թղթերի դեֆիցիտը` 2013 թվականի առաջին օրերին պետական բյուջեն կամ Ոստիկանության արտաբյուջետային հիմնադրամը լցնելու նպատակով: Սա ուղղակի կազմակերպված հանցավորության դրսևորում է՝ քաղաքացիներին թալանելու նպատակով: Եթե դա այդպես չէ, ուրեմն Կառավարությունը` ի դեմս Ոստիկանության կամ որևէ այլ գերատեսչության, պետք է քաղաքացիներին իրազեկի, որ երկարաձգում է 2012 թվականի տեխզննման կտրոնների գործածության ժամկետը` մինչև, ասենք, 2013 թվականի հունվարի 10-ը:

Հ. Գ. Ոստիկանությանը տեղեկացնում ենք, որ մեր խմբագրության` ավտոմեքենա վարող աշխատակիցները չեն ստորագրելու պետավտոտեսուչների` տեխզննման կտրոնների բացակայության առնչությամբ կազմված արձանագրությունները և բողոքարկելու են դատական կարգով` հիմնավորելով, որ պետությունը կանխամտածված կերպով քաղաքացիներին գրպանելու քայլի է դիմել:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս