Մեր կուսակցությունն այդ որոշման տակ չի ստորագրում. Պետրոս Մակեյան

Այսօր Հայ ազգային կոնգրեսը տարածեց հայտարարություն, ըստ որի ՀԱԿ-ը չի առաջադրելու թեկնածու առաջիկա նախագահական ընտրություններում և չի սատարելու որևէ մեկի թեկնածությունը:

«Ընտրությունների կեղծման գլխավոր գործիքն է ըտնրողների ցուցակը, որն ուռճացված է մոտ 700.000 ընտրողների ձայներով: Ըստ էության ոչնչացված է մրցակցային ընտրությունների մեխանիզմը, ահաբեկվում են ընդդիմությանը սատարող գործարարները, 500-ից 700 հազար ձայների կեղծումով իսպառ բացառվել է ընտրություններով իշխանություն փոխելու որևէ հնարավորություն:Հաշվի առնելով ստեղծված իրավիճակը, Հայ Ազգային Կոնգրեսը անիմաստ է համարում ֆարս դարձած ընտրություններին մասնակցությունը և որևէ առաջադրված թեկնածուի պաշտպանումը, ինչը ստեղծված պայմաններում միայն կնպաստի ապօրինի ռեժիմի լեգիտիմացմանը»,- մասնավորապես նշված է հայտարարության մեջ:

ՀԱԿ անդամ, «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության ղեկավար Պետրոս Մակեյանը, 168.am-ի հետ զրույցում մեկնաբանելով ՀԱԿ-ի հայտարարությունը, ասաց. «Գնահատականների հետ համամիտ եմ, բայց պետք է արդար լինել: Այդ գնահատականները կային նաև մայիսի 6-ի ընտրություններից առաջ, և Կոնգրեսը, ցավոք սրտի, ընդունեց այդ խաղի կանոնները և մասնակցեց մանդատների աճուրդին, այդ գնահատականները կային նաև մինչև Լևոն Տեր-Պետրոսյանի հարցազրույցը: Ես չեմ հասկանում այն հապճեպ մոտեցումը, որը ցուցաբերեց ՀԱԿ-ը: Դա կարելի էր անել` հնարավորություն տալով մաս կազմող կուսակցություններին իրենց քաղաքական խորհուրդներում այդ հարցը քննարկելու, իսկ կուսակցություններին զրկել են այդ իրավունքից: Այդ պատճառով մեր կուսակցության քաղխորհուրդը դեկտեմբերի 25-ին արդեն որոշում էր կայացրել, որ այդ հարցին պետք է անդրադառնա հունվարի 2-րդ կեսին, երբ հայտնի կլինի ընտրությունների խճանկարը, թե ովքեր են առաջադրվել և գրանցվել: Մեր կուսակցությունը մնում է նույն մոտեցմանը: Այդ հայտարարությունը մեր կուսակցությանը չի վերաբերում, չնայած որ «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցությունից փոխնախագահը մասնակցել է ՀԱԿ քաղխորհրդի նիստին, ցավոք, թյուրիմացաբար համաձայնություն է տվել այդ որոշմանը»:

«Այսինքն` Դուք համաձայն չե՞ք ընտրությունների բոյկոտի հետ»,- հարցրինք մենք:

Կարդացեք նաև

«Ւմ անձը կարևոր չէ, «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության քաղխորհուրդը երկու օր առաջ որոշել է, որ այդ հարցին կանդրադառնա հունվարի 2-րդ կեսին: Մեր կուսակցության փոխնախագահը, լինելով ազնիվ մարդ, թյուրիմացաբար իր համաձայնությունն է տվել»,- պատասխանեց Պ.Մակեյանը` ավելացնելով. «այսինքն` այդ թյուրիմացությունը կա, և մեր կուսակցությունն այդ որոշման տակ չի ստորագրում»:

Մենք նաև հետաքրքրվեցինք` հնարավո՞ր է` այս պայմաններում «Ժողովրդավարական հայրենիքը» դուրս գա ՀԱԿ-ի կազմից, ինչին ի պատասխան կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանն ասաց.

«Ի տարբերություն քաղաքական դաշտում առկա շատ խառնակիչ խաղացողների (Կոնգրեսում նույնպես վերջին տարիներին դա բավական զարգացում է ստացել)` ես ազնիվ եմ, ես իրոք գտնում եմ, որ ՀԱԿ-ը դեռ հնարավոր է փրկել, բայց դա հնարավոր է` լուրջ փոփոխություններ կատարելով և Կոնգրեսը դարձնելով քաղաքական մարմին: Վերջին տարիներին ՀԱԿ-ի քաղաքական որոշումները մի կենտրոնից են եղել և կապ չեն ունեցել Կոնգրեսին մաս կազմող կուսակցությունների դիրքորոշումների հետ»:

Տեսանյութեր

Լրահոս