Սրանով Տեր-Պետրոսյանի և ՀԱԿ-ի էպոխան ավարտվեց
«Լևոն Տեր-Պետրոսյանի չառաջադրումն արդեն իսկ ցույց տվեց, որ ՀԱԿ-ն այլևս անելիք չունի, որովհետև քիչ թե շատ ՀԱԿ-ին միացնում էր Տեր-Պետրոսյանի գործոնը: Մենք արդեն պառլամենտում տեսնում էինք, որ քվեարկությունների ժամանակ ՀԱԿ-ի անդամները տարբեր կերպ էին քվեարկում»,-168.am-ին ասաց ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը` մեկնաբանելով ՀԱԿ-ի հայտարարությունը` նախագահական ընտրություններին չմասնակցելու և որևէ թեկնածուին չսատարելու վերաբերյալ:
Էդուարդ Շարմազանովը բոլորովին մտահոգիչ չհամարեց ընտրությունների վերաբերյալ Կոնգրեսի հայտարարության մեջ տեղ գտած գնահատականները` ասելով, որ նման գնահատականներն ընդամենը առիթ են, ընդ որում շատ վատ առիթ: «Իմ մոտ այնպիսի տպավորություն է, որ վերջին շրջանում ՀԱԿ-ում որոշել են ամանորից առաջ անհեթեթ հայտարարությունների մրցույթ հռչակել»,-ասաց ՀՀԿ խոսնակը:
Էդուարդ Շարմազանովի համոզմամբ, «Ազատություն» կուսակցության նախագահ Հրանտ Բագրատյանի առաջադրումն իսկ արդեն խոսում էր այն մասին, որ ՀԱԿ-ում ամեն ինչ հարթ չէ: ՀՀԿ խոսնակը կարծիք հայտնեց նաև, որ ՀԱԿ-ը նույնսիկ ուժ չգտավ պաշտպանել իր գործընկերոջը:
«Փաստն այն է, որ ՀԱԿ-ը որպես քաղաքական ուժ գոյություն չունի»,- նշեց Էդուարդ Շարմազանովը` հավելելով, թե 2008թ-ի հետ համեմատելով և տեսնելով, թե ինչքան մարդ կար Լևոն Տեր-Պետրոսյանի կողքին նախկինում և հիմա, ամեն ինչ պարզ կլինի:
168.am-ի այն հարցին, թե որպես ՀՀ քաղաքացի մտահոգիչ չի համարում արդյոք այն փաստը, որ ընդդիմադիր քաղաքական գլխավոր ուժերը որոշեցին թեկնածու չառաջադրել և որևէ մեկին չսատարել, Էդուարդ Շարմազանովը հակադարձեց. «Չառաջադրվեցին, որովհետև իրենք շանս չունեին, իրենք չուզեցին 7-10 տոկոս ձայն հավաքել, իրենց դա չէր բավարարում»:
ՀՀԿ խոսնակի խոսքերով, սա նոր քաղաքական իրավիճակ է, և նախագահական ընտրություններից հետո քաղաքական ընդդիմության դաշտում կլինեն նոր լիդերներ: «Սրանով Տեր-Պետրոսյանի և ՀԱԿ-ի էպոխան ավարտվեց: Չեմ բացառում, որ կսկսվի քաղաքական այլ գործիչների էպոխա »,- ասաց Էդուարդ Շարմազանովը: