Բնապահպան Ղազարյանը ապաստան է հայցում Էստոնիայից
Ռուսաստանաբնակ բնապահպան Սուրեն Ղազարյանը ապաստան է հայցել Էստոնիայից։ Այս մասին գրում է «РИА Новости»-ն։ Ակտիվիստի խոսքով, ինքը դիմում է ներկայացրել 2 շաբաթ առաջ։ Էստոնիան 6 ամսվա ընթացքում կորոշի՝ բավարարե՞լ խնդրանքը, թե՞ ոչ։
Ղազարյանը հեռացել է Ռուսաստանից, որտեղ նրա դեմ քրեական գործ է հարուցված՝ «Պուտինի պալատի» պահակին սպառնալու համար։ Նրանց միջև կոնֆլիկտը ծագել էր 2012թ. օգոստոսին՝ պիկետի ժամանակ։ Ղազարյանը սպառնացել էր սպանել նրան, որից հետո նրա նկատմամբ հետախուզում էր հայտարարվել։
Իսկ դրանից երկու ամիս առաջ բնապահպանի նկատմամբ արդեն դատավճիռ էր հրապարակվել խուլիգանության գործով։ Ղազարյանը և մեկ այլ ակտիվիստ Եվգենի Վիտիշկոն մեղադրվում էին «Агрокомплекс» զբոսաշրջային համալիրի ցանկապատին գրություններ թողնելու համար։ Բնապահպաններն այդ համալիրը համարում են Կուբանի նահանգապետ Ալեքսանդր Տկաչովի անձնական ամառանոցը։ Ակտիվիստներին դատապարտել էին 3 տարի պայմանական ազատազրկման։