Գագիկ Ծառուկյանը շարունակում է մնալ ամենաազդեցիկների շարքում
Ըստ երկրի կայունության և զարգացման գործում ազդեցիկության աստիճանի առաջին տեղում է գործող նախագահ Սերժ Սարգսյանը: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց «Սոցիոմետր» Սոցիոլոգիական կենտրոնի տնօրեն Ահարոն Ադիբեկյանն՝ անդրադառնալով իր կողմից իրականացված «Տարվա ազդեցիկ քաղաքական գործիչ» հարցման արդյունքներին:
Ա. Ադիբեկյանի խոսքով`հարցման նպատակն է պարզել նախագահական պաշտոնին հավակնող հնարավոր թեկնածուների «ազդեցիկության չափը»: Սոցիոլոգը վստահեցրեց, որ այս հանգամանքը լրացուցիչ տեղեկություն կհանդիսանա թեկնածուների նախագահ ընտրվելու կամ վերընտրվելու շանսերը ճշգրիտ կանխատեսելու համար:
Հարցման արդյունքների համաձայն, ըստ երկրի կայունության և զարգացման գործում ազդեցիկության աստիճանի՝ գործող նախագահին հաջորդում են՝ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը, վարչապետ Տիգրան Սարգսյանը, ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը, ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանը, «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը և ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանը:
Ահարոն Ադիբեկյանը հավելեց նաև, թե Գագիկ Ծառուկյանի չառաջադրվելու հանգամանքը փետրվարին կայանալիք նախագահական ընտրություններում չի ազդել նրա ազդեցիկության վարկանիշի վրա, իսկ մյուս հավանական (Վարդան Օսկայան) կամ արդեն առաջադրված, բայց հարցման ցուցակում չընդրկված (Հրանտ Բագրատյան, Վարդան Սեդրակյան) թեկնածուները սոցիոլոգիական կենտրոնի կողմից չեն արժեքավորվել որպես «ազդեցիկ դեմք»:
Նշենք, որ հարցումն անցկացվել է հանրապետության 1400 չափահաս բնակիչների շրջանում: