Մի քանի երկրների ուժայինները ձերբակալել են տաջիկ նարկոբարոնին
Արաբական Միացյալ Էմիրություններում ձերբակալվել է Աթոբեկ Գումամեդովը, որին համարում են թմրամիջոցների առևտրով զբաղվող միջազգային խոշոր կազմակերպության ղեկավարներից մեկը։
Այս մասին հաղորդում է Ռուսաստանի՝ թմրանյութերի շրջանառության վերահսկողության դաշնային ծառայությունը։
Գուլմամեդովի ձերբակալության հատուկ օպերացիային ՌԴ ուժայիններից բացի մասնակցել են Ինտերպոլի, ԱՄԷ ներքին գործերի նախարարության, ԱՄՆ թմրամիջոցների դեմ պայքարի գործակալության, Ղազախստանի ազգային անվտանգության ծառայության և Բելառուսի ՆԳ նախարարության աշխատակիցները։ Այժմ քննարկվում է նրան Ռուսաստանին արտահանձնելու հարցը։
Գուլմամեդովն ունի երկու քաղաքացիություն՝ Տաջիկստանի և Ռուսաստանի։ Բացի այդ, նրա մոտ առկա են եղել մի քանի կեղծ անձնագրեր՝ տարբեր անուններով։
Վերջերս իրականացված լայնամասշտաբ հատուկ գործողությունների արդյունքում առգրավվել էր 900կգ հերոին, որը փորձում էին ներկրել Ռուսաստան։ Նշվում է, որ այդ քանակից 400 կիլոգրամի տեղափոխումը ղեկավարել է անձամբ Գուլմամեդովը։ 2012թ. ընթացքում նա մի քանի անգամ թաքուն այցելել է Ռուսաստան՝ մատակարարումների վերաբերյալ պայմանավորվելու համար։ Մինչև նրան ձերբակալելը, ՌԴ ուժայինները բերման էին ենթարկել նարկոբարոնի 15 հանցակիցների։
Նշենք, որ 2012թ. նոյեմբերին Ռուսաստանի թմրանյութերի շրջանառության վերահսկողության դաշնային ծառայությունը հայտարարեց «Կարտել» հատուկ գործողության ավարտի մասին, որի ընթացքում չեզոքացվել են թմրամիջոցների վաճառքով զբաղվող 25 հոգի և առգրավվել է 750 կգ հերոին։