«Ո՞նց Ծառուկյան Գագիկը դարձավ փրկիչ». Վ.Մանուկյան

«Երբեք ընդդիմությունն այն ցինիզմին չի հասել, ինչպես հիմա»,-այսօր հրավիրված մամուլի  ասուլիսում հայտարարեց ԱԺՄ նախագահ Վազգեն Մանուկյանը: Նրա կարծիքով, այսօր ընդդիմության դաշտում չկա թեկնածու, ում հետևից հասարակությունը կցանկանար գնալ:

Վ. Մանուկյանը պատմական էքսկուրս կատարեց և հիշեց, որ 1996 թվականից մինչև հիմա ընդդիմությունը միշտ ունեցել է  հստակ առաջնորդներ. 1996թ. ինքն էր, 1998թ.՝ Կարեն Դեմիրճյանը, 2003-ին Ստեփան Դեմիրճյանը և Արտաշես Գեղամյանը, 2008թ.՝ Լևոն Տեր-Պետրոսյանը և Արթուր Բաղդասարյանը:

Վազգեն Մանուկյանի համոզմամբ, 1995-1996թթ-ի նման  բարենպաստ պայմաններ երկիրն առաջ տանելու, նորմալ ընտրություններ կազմակերպելու  համար Հայաստանը չի ունեցել և չի ունենա:

«Հիմա կա՞ մի մարդ, որին ժողովուրդը ցանկանում է տեսնել  Սերժ Սարգսյանի փոխարեն: Ես այդպիսի թեկնածու չեմ տեսնում այս ընտրություններին»,-նշեց Վազգեն Մանուկյանը: Նա չի կարծում, թե կար այն Սասունցի Դավիթը, ով պետք  է երկիրը փրկեր այս իրավիճակից: Վազգեն Մանուկյանը տարակուսեց, թե ինչպես կարող էր ընդդիմության թեկնածու լինել ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը, երբ նույն ընդդիմությունը նրա դեմ էր պայքարում:

Կարդացեք նաև

«Ամբողջ ժամանակ ընդդիմությունը պայքարում էր օլիգարխների դեմ, երկիրը թալանողների դեմ, Ծառուկյանի դեմ: Ո՞նց Ծառուկյան Գագիկը դարձավ փրկիչ»,-տարակուսեց ԱԺՄ նախագահը:

Նրա համոզմամբ, 2013թ-ի ընտրությունները կլինեն այնպիսին, ինչպիսին 2012թ-ի ԱԺ ընտրությունները. չեն լինի լցոնումներ, չի լինի սխալ հաշվարկ, բայց դա չի նշանակում, թե ժողովրդի ձայնը կխլեն:

168.am-ի այն հարցին, թե արդյո՞ք իշխանությունը մեղավոր չէ, որ գլխավոր ընդդիմադիր ուժերը հրաժարվեցին թեկնածու առաջադրել, Վ. Մանուկյանը պատասխանեց. «Դրանում մեղավոր են նախկին բոլոր իշխանությունները, դրանում մեղավոր է ընդդիմությունը»:

Տեսանյութեր

Լրահոս